Իմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ ամենաշատ դիտումներն ու հավանումներն է ունեցել: Այս մասին թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Փաշինյանը։
«Հիմա ես դա շատ կարևոր ձեռքբերում եմ համարում, շատ պարզ մի բան նշեմ, որը կարող է առաջին հայացքից պարզունակ թվալ, բայց խորհրդանշական, որ օրինակ, երբ ես Նյու Յորքում ունենում եմ հանդիպումներ ամենատարբեր երկրների ղեկավարների հետ, և իմ հանդիպումների մասին փոքրիկ նյութեր ենք տեղադրում իմ ֆեյսբուքյան էջում, ես վերադարձի ճանապարհին արձանագրում եմ, որ իմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ ամենաշատ տարածումն է գտել մեր սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում, ամենաշատ դիտումները, ամենաշատ հավանումները: Ես նայում և զարմանում եմ: Բայց հիմա կարող է թվալ՝ լավ, Ֆեյսբուքի լայքերն ենք քննարկում, բայց էլի եմ ասում, մենք պետք է դինամիկայի մեջ լինենք: Օրինակ, մեր առաջին հանդիպումն այդպիսին չէր, այլ ընդհակառակը՝ հիմնականում նեգատիվ ֆոնով էր նույնիսկ հանդիպման փաստը, թե ինչու պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետը նման հանդիպում ունենա և այլն: Այսինքն՝ նկատի ունեմ շատ բարդույթներ արդեն իսկ հաղթահարված են, որը պրակտիկ առումով վիճակագրության մեջ չի արտահայտվում՝ առևտրաշրջանառության և այլն, բայց դա շատ կարևոր բան է: Եվ ես դա ձեռքբերում եմ համարում, ուղիղ պետք է ասեմ։ Ես դա ձեռքբերում եմ համարում և նաև սա է պատճառը, որ ես հոռետեսներին ասում եմ՝ վաղ է արձանագրել այս ուղղության և այս քաղաքականության ձախողման մասին»,-ասել է նա։
Փաշինյանը նշել է նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է։
«Ավելին ասեմ՝ համոզված եմ, որ եթե մենք հետևողական, հանդարտ, փաստարկների վրա հիմնված, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, այս փոքր քայլերով առաջ շարժվենք, հարցն այն չի լինելու՝ կլինի կարգավորում, թե չէ: Հարցը լինելու է՝ ե՞րբ կլինի կարգավորում: Դա ընդամենը լինելու է ժամանակի հարց, որն ամենատարբեր հանգամանքներով, իհարկե, կազդվի: Կարող է այդ կարգավորումը հետաձգվի ևս երեք ամսով, ևս վեց ամսով, ևս մի տարով: Բայց այսօր արդեն իմ ընկալումն այն է, որ դա ժամանակի հարց է, և մենք պետք է համբերատար այդ ժամանակի հետ քայլենք և առաջինը՝ առաջնորդվենք չվնասելու տրամաբանությամբ։ Եթե մենք շատ կոնկրետ դիտավորյալ վնասներ չհասցնենք այս գործընթացին, փոխադարձաբար, իմ կարծիքով, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հիմա արդեն ժամանակի հարց է»,-ասել է նա։