Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ, կողքի հայացքի համար սա գուցե կոնկրետ արդյունք չէ, բայց ինձ համար սա կոնկրետ արդյունք է: Մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետները իրարից ճշտելու հնարավորությունից: Այս մասին թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ այս ընթացքում մի քանի հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, հեռախոսազրույցներ է ունեցել, նաեւ ԱԳ նախարարներն են շփվել ու շարունակում են շփվել. «Պետք է ջանքեր գործադրել, որ այս դինամիկան շարունակվի, կանգ չառնի: Սա էլ կախված է երկու երկրների առաջնորդների, կառավարությունների քաղաքական կամքից: Ես տեսնում եմ քաղաքական կամք, այլ բան, որ դա նույնպես փոխադարձաբար պետք է զարգանա։ Միջին վիճակագրական ընկալումը Հայաստանում այն է, որ Թուրքիան սպառնալիք է ՀՀ անվտանգության համար։ Մենք պատճառահետևանքային կետը կորցրել ենք, և անցել ենք բարդությունների և կատակլիզմների միջով, բայց հիմա այս հարցի ձևակերպումը փոխելու հնարավորություն կա»: