ՌԴ-ի ճնշումները և Լարսը փակելը Կրեմլի նկատմամբ ատելությունն են ավելացնելու, 5-րդ շարասյունն էլ իրեն սպառել է. Սարգսյան

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուզում է մինչև ԱՄՆ ընտրությունները Վրաստանը և Հայաստանը իրենով անել, որպեսզի Հարրիսի ընտրության դեպքում ԱՄՆ-ը լծակներ չունենա մեր տարածաշրջանում»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ նշելով, որ Ֆեյսբուքյան ընկերների վերջին ժամերի մտահոգությունների կտրուկ աճին և անհատական նամակներին փորձել է հնարավորինս հակիրճ պատասխանել հոդվածով, քանի որ լայվերը իրենը չեն։

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«ՌԴ-ն, Ադրբեջանը և Թուրքիան 2020-ից փորձում են տարածաշրջանը իրենց պայմանավորվածությունների շրջանակում կիսել, դուրս թողնելով հավաքական Արևմուտքին և ինչ-որ չափով էլ Իրանին, հետևաբար այսօր արված հայտարարություններում նորություն չկա, ուղղակի իրենց հնարավորությունները և ներուժը այսօր, վստահաբար, ավելի փոքր են, քան նախկինում էր։

Ադրբեջանին որպես ագրեսիայի գործիք ՌԴ-ի կողմից օգտագործելու հնարավորություններն էլ, նախկինի համեմատ, անկասկած նվազել են, ինչպես մինչ այս միմյանց հետ փոխանակված Խաղաղության համաձայնագրի 10 փաթեթները համաձայնեցնելով, այնպես էլ միջանցքային թեմային վերաբերող մի շաբաթ առաջ արված հայտարությամբ, ըստ որի տարանցիկ ճանապարհների հարցը հանվում է Խաղաղության պայմանագրից և թողնվում հետոյի։ ՌԴ կողմից տնտեսական ճնշումները և Լարսը փակելը ընդհանուր առմամբ ատելությունն են ավելացնելու Կրեմլի նկատմամբ, ու՝ ոչ ավելին, և երկրորդ՝ ՌԴ-ի տնտեսությանն էլ կվնասեն։

ՀՀ ներսում ՌԴ հրահանգով գործող 5-րդ շարասյան ազդեցությունը նույնպես մաշվել է, նոր և հույս ներշնչող լիդեռ չկա ու չեմ տեսնում այդ կազմում մեկին, ով կարող է ժամանակավոր կառավարություն կազմելու ծրագրով կրիտիկական զանգված հավաքել։

Այո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուզում է մինչև ԱՄՆ ընտրությունները Վրաստանը և Հայաստանը իրենով անել, որպեսզի Հարիսի ընտրության դեպքում ԱՄՆ-ը լծակներ չունենա մեր տարածաշրջանում։ ԱՄՆ֊ում էլ, վստահեցնում եմ, հասկանում են, որ ՌԴ-ն անկայունություն կարող է մտցնել միայն Ադրբեջանով և վերահսկողության տակ են պահում Ալիևին։ Մինչև COP 29 Ադրբեջանը արկածախնդրության չի գնա ու ընդհանրապես Ադրբեջանը սպասելու է ԱՄՆ ընտրությունների արդյունքներին, իսկ այսօր զախարովաներով արվող հայտարարությունները հիբրիդային պատերազմի ու սեփական տեղը հիշեցնելու նպատակ ունեն ընդամենը։

Մենք պետք է սևեռվենք մեր անելիքի վրա և անենք քայլեր, որոնցով, անգամ Թրամփի ընտրության պարագայում, կփոքրացնենք Ադրբեջանի՝ մեզ վրա ազդելու հնարավորությունները։ Օր առաջ ՀՀ-ն պետք է հստակեցնի իր ուղղվածությունը և պաշտոնական հայտ ներկայացնի ԵՄ ընտանիքին անդամակցելու ՀՀ բնակչության որոշման մասին»։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել 2020-2022 թվականներին: Դրանք կասկածի տակ դնելու փորձերը, ըստ նրա, չափազանց վտանգավոր են։

Վերջինս պատասխանել է նաև հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը պատկերացնում ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչների՝ իրենց պատմական հայրենիք վերադարձը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *