ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում և ԿԳՄՍ նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացվել է 476 մլն 241 հազար դրամ՝ նոյեմբերի 18-24-ը Երևանում կայանալիք Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով: Ըստ նախնական տվյալների՝ առաջնությանը մասնակցելու է ավելի քան 40 պետություն` շուրջ 400 մարզիկով:
Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը զինվորականների 2024 թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանի Հանրապետությանն է վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները, ինչպես նաև Հայաստանում ըմբշամարտի ավանդույթները և զարգացման ուղիները:
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացումը կնպաստի մեր երկրում ըմբշամարտի զարգացմանն ու մասսայականացմանը, ինչպես նաև ՀՀ-ում ըմբշամարտի համար նախատեսված անհրաժեշտ գույքի համալրմանը և մարզական կառույցների վերականգնմանը: