Ազգային ժողովը 2024թ. կարիքների համար պաշտոնական պատվիրակությունների ընդունելության ծառայություններ է ձեռք բերել ոչ մրցակցային՝ մեկ անձ գնման ընթացակարգով։ Գնումն արվել է նորաստեղծ «Չեփթր» ընկերությունից․ ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ ՍՊԸ-ն ընդամենը սեպտեմբեր ամսին է ստեղծվել և արդեն դեկտեմբերին նման խոշոր ու դեռևս միակ պայմանագիրը կնքել պետական գերատեսչության հետ։
Այսպիսով, ԱԺ հետ «Չեփթր»-ի՝ նախօրեին կնքած պայմանագրի գինը կազմել է 25 միլիոն 225.000 դրամ, որը նախատեսված է դեկտեմբերի 9-27-ը ներառյալ ժամկետով ծառայությունների մատուցում։
Պայմանագրի տեխնիկական բնութագրում մասնավորեցվում է, որ «պաշտոնական պատվիրակությունների ընդունելության կազմակերպումը ներառում է ժամանցային վայրերի այցելությունների կազմակերպում, հյուրանոցային և ռեստորանային սպասարկում և կոնֆերանս սրահների ապահովում»։
Նշենք՝ այս նորահայտ, բայց արդեն պետգնումներում խոշոր պայմանագիր կնքած «Չեփթր» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի տերը Սիրվարդ Պետրոսյանն է, որը, մեր տեղեկություններով, նախկինում «Դվին» ՓԲԸ-ի տնօրենն է եղել։