Սիրիայի նոր վարչակազմը, անցումային գործընթացից հետո, կհայտարարի «ճանապարհային քարտեզ», որը ներառում է մարդահամարի անցկացում, նոր սահմանադրության ստեղծում և ազատ ընտրությունների անցկացում, գրում է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Հիմա եկել է ժամանակը նոր Սիրիա կառուցելու ժամանակավոր վարչակազմի ստեղծումից հետո կհայտարարվի նոր սահմանադրության ստեղծման գործընթացը, կկազմակերպվի բնակչության մարդահամար և ազատ ընտրություններ»,- գրում է հրատարակությունը։
Ավելի վաղ պետական հեռուստատեսությունը գրաված Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչները եթեր էին դուրս եկել՝ պնդելով, որ իրենք վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտարարել է, որ ինքը շարունակում է մնալ երկրում մի քանի նախարարների հետ և կապ է հաստատել զինված ընդդիմության ղեկավարության հետ։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ ցուցումներ տալով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը չի մասնակցել բանակցություններին