Երեկ տեղեկացրել էինք, որ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 42/1 հասցեում կառուցվող բազմաբնակարանային շենքի բնակիչները, արդեն երկու տարի է, սպասում են, որ իրենց գնած բնակարաններն ի վերջո հանձնվեն իրենց։ Բնակարանները ձեռք բերելիս նրանց տեղեկացրել էին, որ շինավարտը նախատեսված է 2022 թվականի նոյեմբերին, այսինքն դեռ երկու տարի առաջ մարդիկ պետք է տեղափոխված լինեին իրենց բնակարանները: Սակայն, այս շենքը ևս չդարձավ բացառություն ու մինչ այս պահը որևէ հստակություն չկա, թե ե՞րբ, ի վերջո, շենքը կհանձնվի:
Ավելին, MediaHub-ին ահազանգած բնակիչները տեղեկացրել էին, որ որևէ հստակ հիմնավորում, թե ինչու բնակարանները չեն հանձնվում շահագործման, չկա։
«Մե՛կ «Վեոլիա ջուրն» է «մեղավոր», մե՛կ՝ քաղաքապետարանը։ Էս ինչ անարխիա է, այսինքն՝ շենքի շահագործումը երկու տարի ուշացնում են, բայց որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվում։ Մեզ էլ որևէ հոդաբաշխ պատասխան չի տրվում, թե ինչու շենքի ավարտական ակտը չի տրվում, ինչու մեզ թույլ չեն տալիս տեղափոխվել ու ապրել մեր բնակարաններում», — նշել էր մեզ դիմած քաղաքացին։
Շենքի սեփականատերն Արմեն Հակոբյանն էլ՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին, մեզ հետ զրույցում ասաց, որ «Վեոլիա ջրի» հետ է խնդիր եղել, դրա համար բնակարանների հանձնումն այսքան ուշացել է, բայց հիմա արդեն այդ խնդիրը լուծված է, և, ուշադրություն, «դիմում է մուտք արվել Երևանի քաղաքապետարան, որպեսզի գան ու ավարտական ակտ տան»։ Սա ենթադրում է, որ գոնե առաջիկա շաբաթներին սայլը տեղից կշարժվեր:
Բայց պարզվեց, որ Արմեն Հակոբյանը, փաստացի, խաբում է ոչ միայն բնակիչներին, այլև մեզ՝ լրատվամիջոցին: Ինչպես տեղեկացրել էինք, մենք դիմել էինք քաղաքապետարան՝ հասկանալու, թե երբ է դիմումը մուտք արվել և ավարտական ակտին երբ սպասեն քաղաքացիները։ Եվ ահա, այսօր քաղաքապետարանից ստացանք հետևյալ պատասխանը. «Տեղեկացնում ենք, որ նշված կառուցապատողից, Մամիկոնյանց 42/1 հասցեի վերաբերյալ Երևանի քաղաքապետարան գրություն մուտք չի արվել»:
Այլ կերպ ասած, սեփականատերը շարունակում է անբարեխիղճ վարք դրսևորել, մոլորեցնել թե՛ այդ շենքում բնակարան ձեռք բերած հարյուրավոր քաղաքացիներին, թե՛ լրատվամիջոցներին, որոնց դիմել են քաղաքացիները արդարություն գտնելու նպատակով:
Ի դեպ, բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց այլ բան չի մնում, քան հանդիպել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, քանզի նախադեպեր եղել են, որ նման անբարեխիղճ կառուցապատողներն ու սեփականատարերերը իրենց պարտավորությունները արագ կատարել են Ավինյանի հետ հանդիպելուց հետո և բազմաթիվ շենքեր հենց դրանից հետո են հանձնվել ու մարդիկ հիմա ապրում են:
Նարե Գնունի