Չարենցավանի ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծելու դեպքի ահազանգով նշանակվել է ծառայողական քննություն. ՆԳՆ

Երեկ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք ոստիկան դաժանաբար ծեծի են ենթարկել Արցախից բռնի տեղահանված, պատերազմի մասնակից Արա Օհանյանին: Ծեծի հետևանքով, ըստ Ռոման Երիցյանի, Օհանյանը արդեն չորրորդ օրն է բուժում է ստանում «Միքայելյան» հիվանդանոցում: Երիցյանն իր հրապարակած տեսանյութում նաև անուններ է տալիս, թե ովքեր են ենթադրյալ ծեծի ենթարկողները եղել Սամվել անունով մի ոստիկան, որի ազգանունը չէր հիշում, բաժնի պետի տեղակալ Իսկանդարյան:

Ծեծի նպատակը, ըստ հաղորդման, եղել է այն, որ Արա Օհանյանն իր վրա վերցնի իր աշխատավայրում տեղի ունեցած գողությունը:

Նշենք, որ ոստիկանության Չարենցավանի բաժնում առաջին դեպքը չէ, որ քաղաքացու են ծեծի ենթարկում, որովհետև այլ մեթոդի չեն տիրապետում: Մոտ մեկ տարի առաջ էլ մեկ այլ փաստաբան ահազանգել էր, որ իր վստահորդին են դաժանաբար ծեծել ոստիկանության Չարենցավանի բաժնում: Ի դեպ, ուշագրավ է, որ տվյալ քաղաքացին, որին քրեական ենթամպակույթ կրելու մեջ էին մեղադրում, մամուլում էլ գրեցին, թե քրեական հեղինակություն է, մեր տեղեկութնուններով Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի եղբայրն է, ավելի ստույգ զարմիկը: Այդ ժամանակ տիկին Սարգսյանը ՆԳ փոխնախարար էր:

Ըստ փաստաբանի հրապարակած տեսանյութի և տվյալների ներկայիս նախարարի եղբորը Չարենցավանի ոստիկանությունում այնպես էին ծեծել, որ նրան անվասայլակով էին տարել դատարան: Սրանից զատ վերջին շրջանում դարձյալ Չարենցավանի ոստիկանները բաժնի պետ Անի Դանիելյանի հրահանգով, քանիցս աչքի են ընկել տարբեր անձանց բռնության գործադրմամբ բերման ենթարկելով, նաև ոստիկանական բաժանմունքում նրանց հայհոյելով, անգամ պատմեցին մի դեպք, թե ինչպես են քաղաքացուն անհիմն բերման ենթարկել քիչ է, մի բան էլ ոստիկանական բաժանմունքում սենյակի դուռը բացել բերման ենթարկվածին գլխով դռանը հարվածելով: Վերջում, իհարկե, որևէ հիմք չունենալով նրան այնտեղ պահելու, բաց են թողել, և սա միակ այսպիսի դեպքը չէ այս բաժնում:

Այս թեմային մենք դեռ առանձին և մանրամասն կանդրադառնանք: Իսկ մինչ այդ MediaHub-ը դիմեց ՆԳՆ լրատվական ծառայությանը ճշտելու, թե տեղյա՞կ են Ռոման Երիցյանի հրապարակումից և ի՞նչ կարող են ասել դեպքի առնչությամբ:

ՆԳՆ-ից ստանդարտ պատասխան տվեցին. «Նշվածի առնչությամբ ՆԳ նախարարի հանձնարարությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»:

Վահե Մակարյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *