ԴԱ ՕԿՈՒՊԱՑԻԱ ՉԻ ԼԻՆԻ, ԻՇԽԱՆՈՒԹՈՒՆԸ ԴՌՆԵՐԸ ԿԲԱՑԻ ՈՒ ԿԱՍԻ՝ ԵԿԵ՛Ք

Իշխանությունը փաստացի չի հերքում, այսպես կոչված, «ադրբեջանցիների վերադարձի» հարցըԱդրբեջանի հետ բանակցվող պայմանագրի օրկարգո՞ւմ է, թե՞ ոչ: «Հանրությունը կիմանա, երբ դրա խորհրդապահական անհրաժեշտությունը չլինի: Երբ ասես՝ էս թեման քննարկվում է, և էս թեման չի քննարկվում, դու միգուցե փակես էդ թեման քննարկելու հնարավորության դուռը, դրա համար մենք չենք խոսում կամ բացես էդ թեման քննարկելու դուռը», — հայտարարել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ եթե ոչ հաստատելով, ապա, առնվազն չբացառելով, որ նման հարց կարող է ներառված լինել Երեւան-Բաքու քննարկումներում:

Նախօրեին Ադրբեջանի նախագահը, ըստ էության, Փաշինյանին ներկայացվող հերթական վերջնագրի մասին է խոսել՝ պահանջելով, որ Հայաստանը բանակցություններ սկսի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանական համայնքի հետ» և «գործնական քայլեր ձեռնարկի նրանց հիմնարար իրավունքները վերականգնելու համար»:

Բաքվում անցկացվող այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» 2-րդ միջազգային համաժողովին, որը կրել է  «Վերադարձի իրավունք. արդարության ապահովում Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» խորագիրը, Ալիեւը նաեւ պահանջել է, որ  Հայաստանը պետք է թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցը և համագործակցի եւ վերահսկի, ինչպես Ադրբեջանի նախագահն է, ասել, «մեր ժողովրդին պատկանող պատմամշակութային ժառանգության» ոչնչացման և աղավաղման հետ կապված իրավիճակը»: 

Այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը Բաքուն նոր չէ, որ շրջանառում է: Բաքուն այդ ուղղությամբ հետեւողական աշխատում է առնվազն վերջին 2 տարիներին: Առիթ ունեցել ենք գրելու, որ Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել է «Արեւմտյան Ադրբեջան» վերադառնալու հարցով նախաձեռնող խումբ, որը ի դեպ, վերջերս մեկնաբանել էր նշված մտացածին միավորի փաշինյանական խայտառակ համեմատությունը Արեւմտյան Հայաստանի հետ ու բացահայտել, որ ՀՀ վարչապետին այդ շինծու համայնքը մի քանի անգամ նույնիսկ գրավոր դիմումներ է ուղարկել՝ պահանջելով ապահովել իրենց «վերադարձի իրավունքը»: Այդ անվամբ հեռուստաընկերություն է գործում Բաքվում, որն ապահովում է կեղծ թեզի քարոզչությունն ու տարածումը՝ այդ թվում օտարալեզու լսարանի համար: Բաքուն պետական մակարդակով աշխատում է, ինչպես իրենք են ասում, «մեծ գաղթն» իրականություն դարձնելու ուղղությամբ, որը ենթադրում է Հայաստանում շուրջ 600 հազար ադրբեջանցիների բնակեցում:  «Արեւմտյան Ադրբեջան» ասելով, Ալիեւը հասկանում է ՀՀ ամբողջ տարածքը: Նրա հավակնությունները տարածվում են հատկապես Սյունիքի, Տավուշի, Արարատի, Գեղարքունիքի վրա:

Հայաստանի պետականության տակ դրված այս ականին ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն ոչնչով չի հակադարձում, այլեւ ամենաբարձր մակարդակով ջուր է լցնում Ալիեւի ջրաղացին: Իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նույն հարթության մեջ դիտարկեց ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամաբ ուղիղ հավակնություններ ունեցող «Արևմտյան Ադրբեջան» հորինվածքն ու Արևմտյան Հայաստանը՝ հայտարարելով. «Հիմա մենք ինչքան նեղվում ենք և շատ ծանր ենք տանում և պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞, բա մենք որ ասում ենք Արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են «Արևմտյան Ադրբեջան», մեզ է գրգռում, տենց էլ ոնց որ ասում ենք Արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում»: 

Ալիեւը Ադրբեջանցիների «պապենական հողն» է համարում ՀՀ տարածքը, Փաշինյանը, ըստ էության լեգիտիմացնում է նրա զավթողական հավակնությունները ու հաշվի առնելով այս փաստը եւ Երեւան-Բաքու շփումների կորստաբեր փորձը, բացառված չէ, որ մի օր կարող է իսկապես պարզվել, որ Փաշինյանը-Ալիեւի հետ բանակցում կամ արդեն բանակցել եւ անգամ լուծել է Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու հարցը եւ Ալիեւի հետ համատեղ «մշակել ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի մեխանիզմները»։

«Հիշու՞մ եք՝ տարիներ առաջ ամենաբարձր ամբիոնից հայտարարություն էր արվում, թե մենք ժողովրդի թիկունքուկ ոչինչ չենք անի, ժողովուրդը կիմանա, մինչեւ դրական կարծիք չտա, մենք երբեք քայլ չենք անի… Սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ արվում են քայլեր, արվում են կուլիսների հետեւում եւ արդեն անթաքույց են արվում՝ առանց լայն հասարակությանը տեղյակ պահելու: Սա՝ արձանագրենք»- «Հրապարակ»-ին ասում է է ԱԳՆ ախկին գլխավոր քարտուղար, «Դիվանագետների համահայկական խորհրդի» համահիմնադիր Վահագն Մելիքյանը՝ ներկայացնելով փախստականների անվան տակ Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման հեռանկարի սպառնալիքներն ու աղետալի հետեւանքները:
«Մեկ անգամ չէ, որ ահազանգել ենք, բարձրաձայնել ու զգուշացրել ենք, որ վաղ, թե ուշ այդ հարցը պետք է գա ու հասնի իր պաշտոնական եզրագծին: Հարցն արդեն հասավ պաշտոնական եզրագծին՝ իշխանության քաղաքականության արդյունքում եւ արդեն բարձրացվում է հարեւան երկրի ղեկավարի կողմից, որ դուք պետք է սկսեք բանակցել այդ ուղղությամբ: Ես առավել քան խոր համոզմունք ունեմ եւ վստահ եմ, որ Ադրբեջանի հետ բանակցվող 17 կետանոց փաստաթղթի 2 կետերից մեկը, որոնք, ըստ հայկական կողմի, համաձայնեցված չեն, վերաբերում է, այսպես կոչված,  «ադրբեջանցիների վերաբնակեցմանը կամ վերադարձին»: Սա ոչ թե հղի է անկանխատեսելի, այլ բավականին կանխատեսելի հետեւանքներով, որովհետեւ պարզ է, չէ՞, որ որեւէ մեկը ադրբեջանցիներին չի նստեցնելու մեքենա ու ասի՝ ճանապարհը բաց է, հանգիստ նստեք մեքենա ու քշեք Մասիս, Աշտարակ, Արարատ կամ Երեւանի կենտրոն: Դա պետք է լինի խիստ ուղեկցությամբ եւ այն իրականացնելու են ոչ թե հայկական համապատասխան ուժերը, այլ իրենց՝ ադրբեջանական ուժերը, որովհետեւ իրենք պետք է  հայտարարեն, որ չեն վստահում հայկական համապատասխան ուժերին, հետեւաբար իրենց  ուժերը պետք է ապահովեն համապատասխան անվտանգային միջավայրն ու պայմանները»- ահազանգում է դիվանագետը:

Վահագն Մելիքյանի խոսքով, սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ալիեւը բացարձակապես չի ձգտում խաղաղ համակեցության, ինչի մասին շարունակ խոսում են Երեւանում, ավելին, այս պահանջը Բաքվի ծավալապաշտական ծրագրի հերթական արարն է եւ ուղղակի հավակնություն ու ագրեսիվ կեցվածք Հայաստանի՝ իշխանությունների կողմից այդքան չարչրկված 29 հազար 743 քկմ-ի  ի նկատմամբ, ինչը նպատակ ունի ոչնչացնել այն միջավայրը, որը կոչվում է անկախ Հայաստան: 

«Հրապարակ»-ի ճշտող հարցին՝ ասվածը նշանակում է  ադրբեջանաթուրքական ռազմական կոնտինգենտի Հայաստան մուտքի ռի՞սկ, դիավանագետն արձագանքում է. «Միանշանակ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Դա օկուպացիա չի լինի, որովհետեւ Հայաստանի իշխանությունը դռները կբացի ու կասի՝ եկե՛ք, մենք խաղաղ համակեցությամբ կապրենք: Նախարար ունեինք, որը հիմա չգիտես, թե որտեղ է (նկատի ունի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը), ասում էր չէ՞, որ Սովետի ժամանակ ադրբեջանցիների հետ լավ էլ ապրել ենք, շուկայում առեւտուր արել: Դրանք փոքրիկ պատուհաններ էին, որ կամաց-կամաց բացվում էին, հիմա դարպասները հերիք չի բացել են, բանալիներն էլ տվել ու ասում են՝ երբ ուզեք՝ բացեք, երբ ուզեք՝ փակեք»,-ասում է մեր զրուցակիցը:
Իշխանությունը Ադրբեջանի հերթական պահանջն առանց ներքին ցնցումների բավարարելու նպատակով կարո՞ղ է մանիպուլացնել արցախահայերի վերադարձի արդարացի իրավունքը ու փորձել ադրբեջանցիների կեղծ «վերադարձի» հնարավորությանը զուգահեռ դիտարկել այն: Վահագն Մելիքյանն ասում է՝ երբեք: «Այս իշխանությունը երբեք արցախահայերի վերադարձի հարց չի բարձրացնի, իսկ Ալիեւն այդ պարագայում չի համաձայնի: Սրանք սովոր են միակողմանի զիջումներ անել, դա իրենց համար շատ նորմալ է դիտվելու, պարզապես, հիմա պետք է սկսեն կերակրել ժողովրդին: Այդ՝ ոչ հերքել, ոչ հաստատելը, «եկեք չխոսենք, որ  թեման չբացենք»-ը, «երբ ինչ-որ բան լինի, դուք կիմանաք»-ը դրա մասին է»,-ասում է դիվանագետը՝ շեշտելով, որ մասնագետները դեռ մեկ եւ անգամ 3 տարի առաջ էին զգուշացնում, թե ինչի է հանգեցնելու իշխանության վարած քաղաքականությունը, որին հաջորդեցին համապատասխան ազատման դիմումները ԱԳՆ-ում:

Վահագն Մելիքյանը ընդգծում է՝ իշխանությունն այս ամենը  փաթեթավորում է ինքնիշխանության անվան տակ:  «Մեզ լավ օրեր չեն սպասվում, յուրաքանչյուրը պիտի գիտակցի դա, շատ խոսեք այդ մասին: Այս իրավիճակում, հաշվի առնելով մերձավորարեւելյան սուր զարգացումները եւ Փաշինյանի հայտարարությունը, թե այլեւս ՀԱՊԿ վերադառնալու հնարավորություն չունենք, պարզ է, թե ինչ պատկեր ենք ունենալու», -ահազանգում է մեր զրուցակիցը: 
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/52df64b86652e6fd7a21119c35e95a05?fbclid=IwY2xjawHBCNJleHRuA2FlbQIxMQABHeQNk6ujd1GchowvxcWIwf00tn5mpRVA0tfku-yoZoaDPJZ3Lx5RnRE48w_aem_uzmiihA9_UI2zJ3JOnSDlw

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *