Ամանորյա զարդարանքը կարծես թե միայն Երևանի կենտրոնի համար է, սրա մասին են վկայում ծայրամասային հատվածների ամանորյա զարդարանքները:
Սոցցանցերում տարածվել է մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչ անմխիթար վիճակում է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Գարեգին Նժդեհի հրապարակում գտնվող տոնածառը: Հանրապետության հրապարակի շքեղ զարդարանքի հակապատկերը հենց այնտեղ է:
Հաշվով մի քանի խաղալիք մեծ տոնածառի վրա, մինչդեռ այս տարի Երևանի քաղաքապետարան ամանորյա զարդարանքների համար հատկացրել է 549 մլն 706 հազար դրամ:
ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ՝ հասկանալու համար՝ինչն է նման իրավիճակի պատճառը:
Վերջինս նշեց.
«Շենգավիթ վարչական շրջանի տոնածառը դեռ 2010 թվականից գնված տոնածառ է, այդ նույն տոնածառը տեղադրել ենք, դա եղել է նաև նախորդ տարի»։
Նա նշեց, որ բոլոր վարչական շրջաններում նախկինում գնված տոնածառերն են։
Հիշեցնենք, որ այս տարի Երևանում Ամանորին նվիրված նախապատրաստական աշխատանքները սկսվել էր 2 ամիս շուտ՝ նոյեմբերի 1-ից: