Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժողովրդին հղած ուղերձում մեղադրել է ծայրահեղ աջերին և ծայրահեղ ձախերին կառավարությանն անվստահության քվե հայտնելու համար։ Նա խոստացել է շարունակել պաշտոնավարումը մինչև 2027 թվականին իր ժամկետի ավարտը և հայտարարել է, որ առաջիկա օրերին կնշանակի նոր վարչապետ։ Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։
Մակրոնը ժողովրդին է դիմել դեկտեմբերի 5-ի երեկոյան, այն բանից հետո, երբ դեկտեմբերի 4-ին խորհրդարանն անվստահության քվե էր հայտնել վարչապետ Միշել Բառնիեին և նրա կառավարությանը։
Մակրոնը հայտարարել է, որ ծայրահեղ աջերն ու ձախերը միավորվել են, իր խոսքով, «հակահանրապետական ճակատում»։
Մակրոնը նաև չի ակնարկել, թե ում կնշանակի երկրի վարչապետի պաշտոնում։
Դեկտեմբերի 5-ին ավելի վաղ Էմանուել Մակրոնն ընդունել էր Միշել Բառնիեի հրաժարականը։ Ըստ Ելիսեյան պալատի հայտարարության՝ Բառնիեն և նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։
Կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին էր քվեարկել Ազգային ժողովի 574 պատգամավորից 331-ը՝ ստիպելով Բառնիեին հրաժարական տալ պաշտոնը ստանձնելուց ընդամենը երեք ամիս անց, ինչը ժամանակակից Ֆրանսիայի պատմության մեջ ամենակարճ պաշտոնավարման ժամկետն է։ Ազգային ժողովում նման քվեարկության առիթ էր դարձել այն, որ վարչապետ Միշել Բառնիեն խորհրդարանում անցկացրել էր 2025 թ. սոցիալական ապահովագրության մասին բյուջեն՝ կիրառելով Սահմանադրության հոդվածներից մեկը և շրջանցելով պատգամավորների քվեարկությունը։
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն, որը նաև Մակրոնի կուսակցությունից է, նախագահին կոչ է արել արագ առաջ շարժվել վարչապետ նշանակելու գործում։ Սակայն սա կարող է բարդ լինել. Մակրոնից ավելի քան երկու ամիս էր պահանջվել Բառնիեին նշանակելու համար, երբ հունիսին կայացած ընտրություններում նրա կուսակցությունը պարտություն էր կրել։