Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած կառավարության նիստում անդրադարձել է համընդհանուր հայտարարագրման համակարգին և նշել, որ դրանով մի քանի խնդիր է լուծվում. «Առաջինը թվայնացման ուղղությամբ է սա մեզ շատ մեծ խթան տալու, որովհետև մենք պարտադրված ենք լինելու թվային հարթակներն ուժեղացնել: Երկրորդը՝ համընդհանուր հայտարարագրման համակարգով պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր ենթակառուցվածք ենք ստեղծում, որը միանշանակ ուժեղացնում է և՛ պետությունը, և՛ քաղաքացուն: Եվ երրորդն այն է, որ կրթական բոլորովին նոր ենթակառուցվածք ենք ունենալու»:
Վարչապետը նշել է, որ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման այս գործընթացից իր ոգևորությունը չի նվազում. «Ինչքան գնում է, հասկանում եմ, որ նորանոր շերտեր են բացվում, որոնք ցույց են տալիս, որ, իրոք, շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում ենք անում: Ուրախ եմ, որ ակնհայտորեն, առաջին հակադարձումից հետո հանրային ընկալումը պրոցեսի նկատմամբ օր օրի ավելի տեսանելի և նկատելի է, և դա, իհարկե, շատ ուրախացնող փաստ է: Ուզում եմ այդ առիթով իմ գոհունակությունն արտահայտել»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ համակարգի մասին իրազեկման տեմպը պետք է շարունակել:
Թեմայի առնչությամբ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ առաջին փուլից հետո վերլուծություն կիրականացնեն՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է համակարգը ավելի զարգացնել, որպեսզի այն ոչ թե դառնա ավելորդ բեռ քաղաքացիների համար, այլ հնարավորությունների պատուհան