Ես կուզենայի էլեկտրական մեքենաների համար այլ սկզբունք դնեինք՝ հաշվի առնելով, որ մեր քաղաքի բնապահպանական վիճակը լավ չի, ես կցանկանայի, որ էլեկտրական մեքենաներն ավելի շատ ծառայություն մատուցեին, քան ֆիզիկական անձանցը լինեին, որ ավելի շատ քշվեր այդ մեքենան, որ մեր էկոլոգիան չփչանար։
Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ դիեմլով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։
«Ուզում եմ ասել, որ մենակ բերել-տանելով չի, բա դրա տրամաբանական շարունակությունը, որ պետք է մեզ օգուտ տա։ Խնդրում եմ այդ հարցը ձեր մոտ նշեք, որ մյուս անգամ մեր լուծումն այն լինի, որ մենք օգնենք աջակցեն, թեկուզ մի գումար էլ տանք, որ ծառայություն մատուցող կառուցները օգտվեն։ Հիմա մարդը բերում է, սեփականատեր է, կարող է շաբաթվա մեջ 3 օր էլ չի վարում այդ մեքենան»,- նշեց պատգամավորը։
Պապոյանը, պատասխանելով, շեշտեց, որ այս հարցն էլ է ուսումնասիրվել, բայց այնպես է ստացել, որ անհատներով բերվածների մի զգալի մասը բերվել է հենց այսպիսի նպատակով, օրինակ, տաքսի ծառայությունների։
Սուքիասյանն առաջարկեց վիճակագրություն կազմել, որ պարզ դառնա վիճակը։ «Դուք տալիս եք արտոնություն, բյուջե չի գալիս այդ գումարը, որ հետո ի՞նչ լինի դա։ Նշանակում է, եթե դուք դրանից գումար չեք վերցնում, դուք արտոնություն եք տալիս, դա պետք է գար բյուջե, ասել եք չենք ուզում։ Բա որ չեք ուզում, ի՞նչ է դառնալու դա։ Մեկը տանի իր ավտոտնակում կանգնեցնի, ոչ մի բան չանի, տվեք թող բոլորը ծառայություն մատուցեն՝ տաքսու տակ կլինեն, օդանավակայանից տուրիստ կտեղափոխեն, մաքսիմում 24 ժամ թող աշխատեն»,- ասաց նա։