Եթե պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն չպետք է լինի «արևմտյան Ադրբեջանի» խոսույթ․ Փաշինյան

Եթե պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն չպետք է լինի «արևմտյան Ադրբեջանի» խոսույթ։ Այս մասին թուրք լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը․

«Ես այդ ձևակերպման հետ ուզում եմ չհամաձայնվել, որ հորիզոնում Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը չի երևում։ Ես կասեմ, որ պարզապես այդպես անընդհատ փորձ է արվում ծխածածկույթ ապահովել հորիզոնի երկայնքով, որպեսզի այդ խաղաղությունը չերևա։ Իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շատ կարևոր հենասյուներ դրվել են։ Որո՞նք են այդ հենասյուները, մեկը ես արդեն նշեցի։

Հայաստանը և Ադրբեջանը, ըստ էության, պայմանավորվել են, որ ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Սա այն է, ինչ հորիզոնում պետք է երևա։ Ավելին ասեմ, խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածներում վերարձանագրվել է այս իրողությունը, արձանագրել են, որ չունեն միմյանցից տարածքային պահանջներ և փոխադարձաբար պարտավորվում են նման տարածքային պահանջներ չներկայացնել ապագայում։ Սա շատ հստակ երևում է հորիզոնում, բայց հիմա Դուք կհարցնեք, իսկ ո՞րն է ծխածածկույթը։ Ծխածածկույթն «արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթն է, որովհետև երբ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն չպետք է լինի «արևմտյան Ադրբեջանի» խոսույթ։

Ծխածածկույթ են Բաքվում տեղի ունեցող դատավարությունները, որոնք մի նպատակ ունեն, ես չգիտեմ ինչ, համենայնդեպս մեր ընկալումն է այդպիսին, զրոյացնել այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք խաղաղության գործընթացում, որովհետև մենք արդեն չորս տարի բանակցում ենք խաղաղության պրոցեսի վերաբերյալ և ունենք արդյունքներ: Արդեն իսկ ասել եմ, մենք դա չենք արձանագրում, անընդհատ կենտրոնացած ենք խաղաղության համաձայնագրի վրա, որն իհարկե կարևոր անկյունաքարային բան է, բայց այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են միջազգային փաստաթուղթ և վավերացրել են երկու երկրներում, դա արդեն իսկ կայացած փաստ է և կայացած իրողություն»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *