Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից շտապ խորհրդակցություններ են պահանջել Սիրիայում իրավիճակի վերաբերյալ, ասել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի առաքելության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Ռուսաստանը և Միացյալ Նահանգները խնդրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ փակ խորհրդակցություններ անցկացնել՝ կապված Արևմտյան Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների հետ»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Դիվանագետն ակնկալում է, որ Դանիայի խորհրդի նախագահությունը խորհրդակցությունները կնշանակի մարտի 10-ին։
Մարտի 7-ից Սիրիայի Լաթաքիա նահանգում բախումներ են ընթանում նոր իշխանությունների ռազմական ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակից ալևիների միջև։ SANA պետական գործակալությունը հայտնել է, որ նոր իշխանությունների հակառակորդները հարձակվել են ռազմական օբյեկտների վրա։ Ամենակատաղի մարտերը տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են կրոնական փոքրամասնության անդամ ալևիները։ Ըստ Al Jazeera-ի՝ ալևիները, հիմնականում քաղաքացիական անձինք, ապաստանել են Խմեյմիմ ռուսական ռազմական ավիաբազայում։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ մարտի 9-ի դրությամբ բախումների զոհերի թիվը գերազանցել է 1,000-ը: