Նոր Նորքի Գայի պողոտա-Նվեր Սաֆարյան խաչմերուկի սկզբնամասում արդեն 3 ամսից ավել է քաղաքացիները չունեն մայթով քայլելու հնարավորություն։ 2024 թվականի նոյեմբերից «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը շինարարական աշխատանքներ է իրականացնում այս հատվածում։ Ավտոկայանատեղի և գրասենյակ-ցուցասրահ կառուցելու նպատակով ընկերությունը շինհրապարակը առանձնացրել է երկաթյա թիթեղներով։ Շինհրապարակը ներառում է նաև հետիոտների համար նախատեսված մայթը, որը, պարզվում է, «Ավանգարդ Մոթորս» ընկերության սեփականությունն է։ Այս մասին գրում է Հետքը։
«Հետքն» ուսումնասիրել է շինհրապարակի տարածքի սեփականաշնորհման պատմությունը, քաղաքաշինական փաստաթղթերը և պարզել, որ հանգստի գոտի ստեղծելու նպատակով առանձնացված տարածքը տարիներ անց վերածվել է կայանատեղիի։ Ավելին՝ Ազգային արխիվում եղած փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հողատարածքի սեփականաշնորհման մասին որոշում չկա։
Հասկանալու համար, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում է տարածքը սեփականաշնորհվել, դիմել ենք Կադաստրի կոմիտե։ Կոմիտեից հայտնել են, որ ներկայում «Վոլվո» և «Մերսեդես բենս» ապրանքանիշի մեքենաների վաճառակետերի զբաղեցրած տարածքի հողամասերը սեփականաշնորհվել են դեռևս 1995 թ․-ին՝ Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի (ներկայում՝ քաղաքապետարան) 1995 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունած 45/22 որոշմամբ։ Քաղաքային խորհրդի գործկոմի նախագահն այդ ժամանակ Վահագն Խաչատուրյան է եղել՝ ՀՀ ներկայիս նախագահը։
Ազգային արխիվում պահպանվել է հողահատկացման մասին վերոնշյալ որոշումը, դրան կից հատակագիծ և զեկուցագիր։ Այդ փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի 1995 թ․-ի որոշմամբ «Լուսախաչ» ՍՊԸ-ին, առևտրի կենտրոն կառուցելու նպատակով, հատկացվել է 0,63 հա հողամաս (6300 քմ)։ Իսկ որոշմանը նախորդած զեկուցագրում նշված է, որ հողամասը տրամադրվում է առևտրի կենտրոն և հանգստյան գոտի կառուցելու նպատակով։ Կցված քարտեզում էլ առանձնացված են 2 հատվածներ, որոնցից մեկում հիմա «Մերսեդես բենս» ապրանքնանիշի մեքենաների վաճառակետն է, իսկ մյուս հատվածը վաճառակետի մայթին գտնվող տարածք է։ «Մերսեդես բենսի» վաճառակետ-ցուցասրահի դիմացի մայթի վերաբերյալ, որտեղ հիմա շինարարական աշխատանքներ են իրականացվում, որևէ տվյալ այս փաստաթղթերում չկա