Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականը միշտ էլ ասելիք ունի. Հակոբ Սերոբյանն` աշխարհի գավաթի մասին

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթներից:

«Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականը միշտ էլ ասելիք ունի: Մեր արդյունքն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում գերազանց էր: Միայն Հայաստանի և Ճապոնիայի թիմերն են աշխարհի գավաթում երկու ոսկե մեդալ նվաճել: Ուրիշների համար այս արդյունքը երազանք է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սերոբյանը:

Վերջինիս խոսքով` որակավորման փուլում մեծահասակների մրցաշարում իրենց նորամուտը նշող երիտասարդներն առավելագույն բարձր գնահատական էին ստացել։ Թեպետ եզրափակչում նրանց ելույթները հաջող չստացվեցին, սակայն մարզիկներն ամբողջապես պատրաստ էին:

Սերոբյանն առանձնացրեց, որ մրցաշարի ընթացքում իրեն են մոտեցել մարմնամարզությունում մեծ հեղինակություն վայելող ճապոնացի մարզիկներն ու ցույց տվել հայ մարզիկների ելույթները, որոնցով շատ տպավորված են եղել:

«Երիտասարդների համար ամեն ինչ դեռ առջևում է, և այս արդյունքներն էլ նորմալ են: Թե՛ Մամիկոնը, թե՛ Համլետը պայքարում էին մեդալների համար: Նրանք ունակ են ավելիին, և մենք անելու ենք ավելին, ես հավատում եմ»,-ասաց Սերոբյանը:

Մասնագետն առանձնացրեց, որ երիտասարդ մարզիկների համար ամենակարևորն այն է, որ իրենցից առաջ ունեն Արթուր Դավթյանի պես մարզիկ, որն օրինակ է նրանց համար:

Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացավ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը։ Հայաստանի ընտրանու կազմում ոսկե մեդալակիրներ դարձան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ):

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *