ՀՖՖ-ում ահավոր բաներ են տեղի ունենում. Արթուր Սողոմոնյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ստուգումներ են ընթանում եւ արդեն կա մեկ ձերբակալված անձ, որը դաշտերն էր սարքում: Դա Արմեն Նիկողոսյանի ղեկավարության տակ գտնվող ոլորտն է: Պարզ է, որ նա իշխանությանը մոտ մարդ է եւ նրան կփորձեն մի ձեւ փրկել: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է «Փյունիկ» ակումբի նախկին նախագահ, «Փյունիկ» ակադեմիայի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

2024 թ. սեպտեմբերի 18-ին Արթուր Սողոմոնյանը հայտարարեց ակումբը վաճառելու որոշման մասին, որի պատճառը, ըստ նրա, ֆեդերացիայի ղեկավարության ոչ պրոֆեսիոնալ գործունեությունն էր: Դեկտեմբերի 30-ին ակումբը ձեռք բերեց Authentic.Football-ի եւ KAI Football-ի հիմնադիր Անտոն Ֆարբերը:

Արթուր Սողոմոնյանը ակումբը վաճառելուց հետո հայատարարեց, որ չի հեռանում հայկական ֆուտբոլից: Նրա խոսքով, այս շրջանում պրոֆեսիոնալ ֆուտբոլում դադար է վերցրել՝ նոր նպատակներով վերադառնալու ակնկալիքով, երբ փոխվի ֆեդերացիայի գործող ղեկավարությունը:

Արթուր Սողոմոնյանը պատմել է ակումբը վաճառելու պատճառների, ֆեդերացիայում տիրող իրավիճակի, միլիոնավոր դոլարներ ստանալու եւ դրանք ծախսելու մասին, Արմեն Մելիքբեկյանի եւ Արմեն Նիկողոսյանի գործելաոճի եւ իշխանության արձագանքի մասին:

«Ես ստիպված էի վաճառել «Փյունիկ» ակումբը, քանի որ այլ տարբերակ չկար, ֆեդերացիան անցել էր բոլոր սահմանները: Սա միակ քայլն էր, որ ես կարող էի անել, քանի որ արդեն կպնում էին մեր սաներին, լավագույն խաղացողներին հավաքական չէին հրավիրում միայն այն պատճառով, որ «Փյունիկի» սան էին: Ես հասկացա, որ այսպես պայքարելը անիմաստ է: Ես չեմ հեռացել ֆուտբոլից, ակադեմիայի հետ կապված մեծ նպատակներ ունեմ: Կառուցում ենք նոր շենք, նոր դաշտեր:

Ես վաճառել եմ ակումբը, բայց իմ պայքարը դրանով կանգ չի առել: Նախկինում իմ յուրաքանչյուր հարցազրույցի հետո փորձ էր արվում վնասել ակումբին: Այսօր ես ազատ եմ եւ «Փյունիկի», պրոֆեսիոնալ ֆուտբոլի հետ կապ չունեմ: Ֆեդերացիան այժմ ինձ ոչնչով չի կարող վնասել: Այդ պաճառով հիմա ես պարզ եւ բաց ամեն ինչի մասին կարող եմ խոսել: Կոռուպցիայի մասին չեմ կարող ասել, քանի որ քննիչ չեմ, բայց համոզված եմ, որ եթե գնան եւ ստուգեն, ֆեդերացիայում ահավոր բաներ են տեղի ունենում»,- ասել է Արթուր Սողոմոնյանը:

«Փյունիկ» ակադեմիայի սեփականատերը հայտարարել է, որ շուտով ներկայացնելու է, թե ինչի վրա է ծախսվել վերջին 5 տարում ֆեդերացիայի ստացած 100 միլիոն դոլարը: Արթուր Սողոմոնյանը նաեւ նշել է, որ ֆեդերացիայի ղեկավարությունը ֆուտբոլն օգտագործում է բանակից ազատելու միջոց:

«Վերջին 5 տարիներին ֆուտբոլի ֆեդերացիան ստացել է 100 միլիոն դոլար գումար: Այս տեղեկությունը բաց է իրենց կայքում, ուղղակի չգիտես ինչու, մարդիկ այդքան չեն խորանում, իսկ ես խորանում եմ: Ես շուտով հայտարարելու եմ, թե այդ 100 միլիոնն ինչի վրա է ծախսվել, որովհետեւ հայկական ֆուտբոլն այդ 5 տարվա մեջ ստացել է ընդամենը մեկ նոր դաշտ արհեստական խոտածածկով: Այդ գումարով շատ ավելին էր հնարավոր անել: Եթե ֆեդերացիայում լինեին իրոք հայկական ֆուտբոլի զարգացմամբ հետաքրքրված մարդիկ, համոզված եմ, որ այսօր վրացական ֆուտբոլից էլ բարձր կլինեինք, որովետեւ տաղանդով չենք զիջում:

Շատերը գրեցին, թե իրականում որքան գումար է ծախսվել մյուս դաշտերը վերանորոգելու վրա, նաեւ այն մասին, որ Նիկողոսյանն իրեն ավտոմեքենաներ է գնում, Մելիքբեկյանը տներ է կառուցում: Այս ամենի մասին բոլորն էլ գիտեն, այնպես չէ, որ գաղտնիք է: Ես զարմացած եմ, որ դրա դեմ որեւէ մեկը չէր պայքարում:

Հավաքականների մարզիչներ նշանակում են ծանոթներին, բարեկամներին, հավաքականներ են հրավիրվում ավելի շատ այն ֆուտբոլիստները, որոնց հետո տանելու են ԲԿՄԱ եւ բանակից ազատեն: 2019 թ. 23 ֆուտբոլիստ զորակոչվել է բանակ, բայց այդ երիտասարդները նախընտրեցին ազատվել ծաայությունից եւ խաղալ ֆուտբոլ: Այսօր այդ 23 ֆուտբոլիստից 19-ը լքել է ֆուտբոլը: Իմ աչքի առջեւ այդպիսի դեպքեր շատ են եղել, հենց իմ ակումբից, երբ տաղանդավոր երեխաները ստիպված գնում էին բանակ եւ հեռանում ֆուտբոլից, իսկ հեռանկար չունեցողները հրավիրվում էին հավաքականներ, ԲԿՄԱ եւ ազատվում ծառայությունից: 21 տարեկանների թիմերի ներկայիս արդյունքները այդ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք են: Իշխանությունից էին միջամտում, թե ում է պետք ազատել բանակից եւ այլն: Շատ տաղանդավոր երեխաներ ոչ միայն «Փյունիկից», նաեւ «Ուրարտուից», «Շիրակ Գյումրիից» եւ շատ այլ ակումբներից չեն ստանում արժանին: Այդ երեւույթները մինչեւ հիմա շարունակվում են:

Հայկական ֆուտբոլի 30-ամյակն էին նշում, որին հրավիրված չէր Հենրիխ Մխիթարյանը, նրա մայրը: Հետո ես նայեցի աուդիտը եւ իմացա, որ այդ միջոցառման վրա ծախսել է 900 միլիոն դրամ: Ես շատ նման արարողություններ եմ անցկացրել, բայց չեմ հասկանում, թե ինչպես կարելի էր այդքան գումար ծախսել մեկ արարողության վրա: Ոսկուց էլ եթե լինեին գդալները, այդքան գումար չէիր կարող ծախսել: Նույնը կատարվում է շատ այլ դեպքերում եւ այս ամենի մասին ես բարձրաձայնելու եմ»,- նշում է «Փյունիկ» ակումբի նախկին սեփականատերը:

Արթուր Սողոմոնյանի խոսքով, իշխանությունը հովանավորում է ֆեդերացիայի գործելաոճը եւ իր համար զարմանալի է, որ ակումբը վաճառելն ու որպես խոշոր ներդնող, պրոֆեսիոնալ ֆուտբոլից իր հեռանալը իշխանության կողմից որեւէ արձագանքի չի արժանացել:

«Իմ հեռանալը շատ հանգիստ ընդունվեց իշխանության կողմից: Ինձ համար շատ ցավալի է եւ զարմանալի այդ փաստը: Ինձ հետ իշխանությունից որեւէ մեկը չխոսեց: Ես 7-րդ մարդն եմ, ով այս 5 տարվա ընթացքում լքել է պրոֆեսիոնալ ֆուտբոլը: Բոլորը լքել են ֆեդերացիայի ոչ պրոֆեսիոնալ մոտեցման պատճառով եւ հայտարարել են դրա մասին: Ես էլ եմ այդ պատճառով լքել, ուրիշ պատճառ չկա: Ես ամեն տարի մեծ գումարներ էի ներդրում անում, որոշ մասը հետ էր գալիս, զգալի մաս ուղղակի կորցնում էի, բայց շարունակում էի ներդրումներ անել: Հայաստանի համար դրանք մեծ գումարներ էին:

Գիտեմ, որ ֆեդերացիայում ստուգումներ են ընթանում եւ արդեն կա մեկ ձերբակալված անձ, որը դաշտերն էր սարքում: Դա Նիկողոսյանի ղեկավարության տակ գտնվող ոլորտն է: Պարզ է, որ նա իշխանությանը մոտ մարդ է եւ նրան կփորձեն մի ձեւ փրկել:

«Փյունիկ» ակումբի նոր սեփականատերերը հայտարարություններով հանդես եկան, որ այսուհետ սերտ համագործակցելու են ֆեդերացիայի հետ եւ աջակցում են ֆեդերացիայի ղեկավարությանը, ինչն ինձ հիասթափեցրեց: Հասկանալի է, որ այդ հայտարարությունը նրանց Նիկողոսյանն է խնդրել անել»,- մանրամասնեց Արթուր Սողոմոնյանը:

«Փյունիկ» ակադեմիայի սեփականատերը նոր ակումբ ստեղծելու մտադրություն ունի:

«Ես ուշ թե շուտ կվերադառնամ պրոֆեսիոնալ ֆուտբոլ: Համոզված եմ, որ այս մարդիկ մի օր հեռանալու են, այդ աբսուրդը չի կարող երկար ձգվել: Երբ նոր մարդիկ գան ու տեսնեմ, որ հետաքրքրված են հայկական ֆուտբոլի զարգացմամբ, անպայման կվերադառնամ: Նպատակ ունեմ զուտ հայկական ակումբ ստեղծել: Այդպիսի օրինակ կա Իսպանիայում՝ «Ատլետիկ Բիլբաո» ակումբը, որտեղ խաղում են միայն բասկերը: Օտար ազգերի ներկայացուցիչներ իրավունք չունեն խաղալ: Շատ հզոր իսպանական թիմ է: Ուզում եմ գնալ, ուսումնասիրել այդ թիմը, նրանց գործելաոճը եւ ապագայում Հայաստանում ստեղծել միայն հայ ֆուտբոլիստներից բաղկացած ակումբ: Մենք հայկական մենթալիտետը պետք է բերենք հայկական ֆուտբոլ»,- ասաց Արթուր Սողոմոնյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *