Ռուսաստանցի հումորիստ, դերասան Միխայիլ Գալուստյանը մեկնաբանել է Եվրամիության հակառուսական պատժամիջոցների ցանկում ներառվելու տեղեկությունը՝ ընդգծելով, որ այս լուրն իր համար անսպասելի էր։ Գալուստյանը gazeta.ru-ի հետ զրույցում ընդգծել է, որ մարդկանց ուրախություն է պարգևում, սակայն այսօր դարձել է հալածանքի զոհ։
«Սա ինձ համար միանգամայն անսպասելի էր: Ըստ ամենայնի, եվրոպացի քաղաքական գործիչներն այլևս անելու ոչինչ չունեն, եթե հալածանքների ու պատժամիջոցների են ենթարկվում մարդկանց ուրախություն և ժպիտներ պարգևող դերասաններին ու մշակույթի գործիչներին, կատակերգուներին ու երգիծաբաններին», — ասել է նա։
Հիշեցնենք, որ ԵՄ-ի «սև ցուցակում» է հայտնվել 48 մարդ, այդ թվում՝ ռուսաստանցի հայեր՝ միլիարդատեր Ալբերտ Ավդոլյանը, հումորիստ Միխայիլ Գալուստյանը:
Կրասնորդարցի գործարարի մասով նշում է, որ նա տարբեր ընկերությունների, մասնավորապես A Property Holdings-ի և Elgaugol-ի միջոցով, բիզնես շահեր ունի էներգետիկայի, հատկապես ածխի և հեղուկացված բնական գազի ոլորտում:
«Տնտեսության այս հատվածները Ռուսաստանի Դաշնության կառավարությանն ապահովում են եկամտի զգալի աղբյուր: Հետևաբար, Ալբերտ Ավդոլյանը ռուսաստանցի գործարար է, որը ներգրավված է տնտեսական ոլորտներում, որը եկամուտների զգալի աղբյուր է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության կառավարության համար: Իր բիզնես շահերի շնորհիվ նա նաև սերտորեն կապված է «Ռոստեկ» պետական կորպորացիայի հետ», — ասված է որոշման մեջ:
Մինչդեռ Գալուստյանի վերաբերյալ ասվում է, որ նա ռուսական պետական քարոզչության տարածող է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա քաղաքական գծի վաղեմի աջակից, որն իր հայտնիությունն օգտագործում է կրեմլյան քարոզչության ուղերձները տարածելու համար: Նշվում է, որ Գալուստյանը «Յունարմիյա» համառուսաստանյան մանկապատանեկան ռազմահայրենասիրական շարժման ղեկավարության անդամ է, աջակցում է Ուկրանիայի դեմ պատերազմին:
«Ավելին, Միխայիլ Գալուստյանն անմիջականորեն պատասխանատու է մի կազմակերպության գործունեության համար, որը նպաստում է ռուս երիտասարդության ռազմականացմանը», — ասված է որոշման մեջ: