Ադրբեջանը հասկանում է Ռուսաստանի Դաշնության հետ դաշինքի կարևորությունը, Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն իր հետագա քայլերում դրանով կառաջնորդվի. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` պատասխանելով Բաքվում «Ռուսական տան» փակման և Sputnik Ադրբեջանի լուծարման ֆոնին երկրների հարաբերությունների մասին հարցին։
«Վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության կարևորությունը: Կցանկանայի հուսալ, որ ադրբեջանցի գործընկերներն իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն մեր ղեկավարների պայմանավորվածությունների կատարման բացառիկ կարևորության ըմբռնմամբ՝ մեր հարաբերությունների ամբողջ համալիրի առումով», — ասել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարին իր գործունեությունն է դադարեցրել Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ «Ռուսական տուն»-ը (Русский дом):
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 3-ին պաշտոնապես նոտա է հղել ռուսական կողմին՝ երկրում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու մասին՝ պատշաճ գրանցման բացակայության պատճառով։
Այսօր հաղորդվել է, որ Ադրբեջանում Russia Today-ի ներկայացուցչությունը՝ Sputnik Ադրբեջանը, դադարեցրել է գործունեությունը: