Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ջորջթաունի համալսարան: Վարչապետին դիմավորել է Էդմունդ Վոշլի անվան Արտաքին ծառայության ինստիտուտի դեկան, պրոֆեսոր Ջոուլ Հելմանը:
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել դասախոսությամբ, որին ներկա են եղել քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ և անվտանգություն ուսումնասիրող ուսանողներ և դասախոսներ:
Երկրի ղեկավարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, իրականացվող բարեփոխումների ընթացքին, տարածաշրջանում առկա իրավիճակին, մասնավորապես, Հայաստանի շուրջ տեղի ունեցած գործընթացներին և առկա մարտահրավերներին, ինչպես նաև դրանց լուծման քայլերին: Վարչապետն ընդգծել է ժողովրդավարության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում ՀՀ Կառավարության հանձնառությունը՝ այդ համատեքստում կարևորելով ինստիտուտների և նրանց կարողությունների զարգացումը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ու շեշտել ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` միտված տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը պատասխանել է նաև ուսանողներին և դասախոսներին հետաքրքրող մի շարք հարցերի: