Սա առաջին հերթին քաղաքացիների վճարած հարկերը վերադարձնելու մեխանիզմ է. վարչապետը՝ հայտարարագրման մասին

Համընդհանուր հայտարարագրման միջոցով 70 մլրդ դրամ քաղաքացիներին վերադարձնելու ենթակառուցվածք ենք ստեղծում: Ընդ որում՝ շատ կարևոր է, որ այս տարվա հայտարարագրով մարդիկ այդ գումարը կարող են ստանալ նաև նախորդ տարվա համար: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 30-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց՝ նախորդ տարի պետությունը եկամտային հարկի ձևով քաղաքացուն 68 մլրդ դրամ է վերադարձրել բնակարանների հիփոթեքային վարկի ձեռքբերման ծրագրով, և այժմ նման ևս մեկ համակարգ է ներդրվելու, այն է՝ համընդհանուր հայտարարագրումը:

«…Մի հատ էլ ավելացնում ենք 70 մլրդ, որ մենք էլի վերադարձնելու ենք քաղաքացուն, բայց աշխատող քաղաքացուն, բայց կրթության նպատակով, բայց առողջապահության նպատակով, որովհետև, ինչպես ասել ենք, փողը կառավարման գործիք է, մենք ուզում ենք մեր ռազմավարություններն ավելի արդյունավետ իրագործենք: Սա նաև հնարավորություն է բազմաթիվ մասնագետների՝ ատամնաբույժների, արհեստավորների և վարպետների (քոլեջի դասախոսներին վարպետ էինք, չէ՞, ասում) համար, որ աշխատելուն զուգահեռ ստեղծեն կրթական, առողջապահական ծառայություններ և մատուցեն քաղաքացիներին, վճարվեն դրա դիմաց: Փաստացի ստացվում է՝ պետական բյուջեի միջոցներով… Էլի քաղաքացիների վճարած հարկերով, բայց սա առաջին հերթին քաղաքացիների վճարած հարկերը վերադարձնելու մեխանիզմ է»,- ասաց Փաշինյանը:

Գործիքը, ըստ վարչապետի, կարևոր է նաև կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարում, ստվերի կրճատման համար:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքեց՝ այն մարդիկ, որոնք հայտարարում են, թե պետք չէ հայտարարագիր ներկայացնել, ստացվում է, որ նրանք ասում են, թե միջին վիճակագրական ընտանիքը, որտեղ 2 աշխատող կա, պետությունից չպիտի ստանա լրացուցիչ 200 հազար դրամ, թեև այդ մարդիկ հարկերը այսպես թե այնպես վճարում են:

«Այս գործիքը ոչ մի նոր պարտավորություն մեզ վրա չի ավելացնում, բացառությամբ այն, որ պետք է ժամանակ ծախսենք՝ 30-20 րոպե՝ կախված, թե ինչ ենք հայտարարագրելու, և հետ ստանանք մոտավորապես 100 հազար դրամ»,- ասաց նախարարը:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտարարեց՝ հայտարարագիր լրացնելու արդյունքում մարդը հայտնվելու է պետության հոգածության ներքո:

«Երբ մարդն արդեն իր եկամուտները համատարած փորձում է հայտարարագրել և թափանցիկ լինել, այդ մի հայտարարագրով նրան հնարավորություն է ընձեռվում հայտնվել ֆինանսական շուկայում ավելի թափանցիկ ձևով, հետևաբար բանկերի հետ առնչվելիս ավելի մեծ հնարավորություն ունի վարկ ձեռք բերելու, բիզնես գործունեություն ծավալելու»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *