Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը ընդգծել է, որ խաղաղությունն ու կայունությունը հնարավոր են միայն տարածաշրջանի երկրների համագործակցության և աջակցության դեպքում։
Նա հավելել է, որ արտատարածաշրջանային և օտարերկրյա ուժերի ներկայությունը միայն կբարդացնի տարածաշրջանում քաղաքական և անվտանգության հավասարումները և չի նպաստի խնդիրների լուծմանը։
Ահմադիանը, մատնանշելով երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների պատմական խորությունը, ընդգծել է արդյունաբերության, գյուղատնտեսության, նանո-և բիոտեխնոլոգիաների ոլորտներում գիտատեխնիկական փորձը փոխանցելու Իրանի պատրաստակամությունը:
Կողմերն ընդգծել են քաղաքական, տնտեսական և պաշտպանական հարաբերությունների մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը և գոհունակություն հայտնել երկկողմ համագործակցության զարգացման ընթացքից: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է ավելի մեծ մասնակցություն և համագործակցություն Հյուսիս-Հարավ միջանցքում: Հիշելով Էբրահիմ Ռայիսիին՝ Փաշինյանը վերահաստատել է Իրանի նախորդ կառավարության հետ պայմանավորվածությունը՝ երկկողմ առևտուրը հասցնել 3 միլիարդի: Կողմերը կարևորել են նաև համագործակցությունը նոր ոլորտներում, ինչպիսիք են նավթավերամշակման գործարանների կառուցումը: