Նախարար Գալյանն իր ընկերուհուն նշանակել տվեց ՔԿԾ պետի պաշտոնում

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պետական ապարատը, հատկապես՝ ուժային կառույցները, համալրել կին ղեկավարներով։ ՆԳ նախարարը կին է՝ Արփինե Սարգսյանը, գլխավոր դատախազը կին է՝ Աննա Վարդապետյանը, արդարադատության նախարարը, որն իրավապահ/ուժային համակարգի քաղաքականությունը մշակող գերատեսչության նախարար է և իր ենթակայության ներքո նաև ուժային ստորաբաժանումներ կան, դարձյալ կին է՝ Սրբուհի Գալյանը, որն էլ իր հերթին է իր համակարգը համալրում կանանցով։

Այսօր պարզ դարձավ, որ Գալյանի ենթակա կառույցներից մեկի՝ ԱՆ Քրեակատարողական ծառայության նոր ղեկավարը նույնպես կին է լինելու։ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ազդարարեց, որ ՔԿԾ ղեկավար է նշանակվում Ծովինար Թադևոսյանը։ Իսկ ո՞վ է նա։ Ծովինար Թադևոսյանը նախկինում եղել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ։ Մեզ ասացին՝ համակարգում զարմացած են այս նշանակումից, քանզի Ծովինար Թադևոսյանը այս տարիներին որևէ բանով աչքի չի ընկել, սովորական մի բաժնի պետ է եղել, ու համակարգի հնաբնակները չեն պատկերացնում, թե ինչպես պետք է ՔԿԾ-ում սոսկ սոցիալ-հոգեբանական գործառույթներ իրականացրած կինը ղեկավարի քրեակատարողական ծառայությունը՝ կարողանալով իր բռի մեջ պահել ՔԿՀ-ներում պահվող «ենթամշակութային առանձնյակներին», գողականներին, կիսագողականներին, «զոն նայողներին» և ոչ միայն։ Այս ամենով հանդերձ՝ Ծովինար Թադևոսյանը մի «կարևոր» առանձնահատկություն ունի․ մեզ ասացին, որ նա նախարար Սրբուհի Գալյանի մտերիմն ու ընկերուհին է, և հենց այս հատկանիշի համար է նա այսօր նշանակվել այս պաշտոնին։

Հիշեցնենք, որ Գալյանը, մինչև դատախազի տեղակալ նշանակվելը, ժամանակին աշխատել է արդարադատության նախարարի տեղակալ՝ համակարգելով հենց քրեակատարողական ծառայության ոլորտը, և ներկայիս նախարարի ու նորանշանակ ՔԿԾ պետի մտերմությունն ու ընկերությունը հենց այդ շրջանից է գալիս։ Հետևաբար, ակնհայտ է, որ եթե Ծովինար Թադևոսյանը չլիներ նախարար Գալյանի ընկերուհին, նրա թեկնածությունը ոչ ոք այս պաշտոնի համար չէր ներկայացնի Փաշինյանին, վերջինս էլ նրան հաստատ ՔԿԾ պետ չէր նշանակի՝ չնայած նրան, որ այլ հարմար ու հավատարիմ կադր էլ, իրականում, չունեն։

Վահե Մակարյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *