2024 թվականի դեկտեմբերի 15-20-ը ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ կլինեն Նյու Դելիում։
Պաշտոնական այցով Հնդկաստան մեկնող Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդդիմադիր որևէ պատգամավոր չկա, թեև Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբում 5 ընդդիմադիր պատգամավոր կա, մեկը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից և չորսը՝ «Հայաստան» դաշինքից։ Փոխարենը Սիմոնյանի հետ վստահելի գործընկեր դարձած Հնդկաստան է մեկնում ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը, որն անգամ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ չէ, և մի խումբ ԱԺ աշխատակիցներ:
Ինչո՞ւ ընդդիմությունը չի մեկնում Նյու Դելի, MediaHub-ը փորձեց պարզել՝ զրուցելով Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։
Վերջինս նշեց, որ մամուլից է տեղեկացել այս այցի մասին, իրեն Հնդկաստան մեկնելու առաջարկ էլ չի արվել։ Եվ սա, ըստ պատգամավորի, իր հստակ պատճառն ունի․ իրեն ժողովրդավար իշխանություն հորջորջող ՔՊ-ն ուղղակի ցանկանում է միջազգային հանրությանն իր թեզերը հրամցնել, ու ցույց տալ, որ բոլորը համաձայն են այն ամենին, ինչ կատարվում է մեր երկրում։
«Ես տեղյակ չեմ՝ ընդդիմադիր որևէ այլ պատգամավորի առաջարկե՞լ են պատվիրակության կազմով մեկնել Հնդկաստան, թե՞ ոչ։ Ակնհայտ է, որ ժողովրդավարության բաստիոն հորջորջող քաղաքական ուժը ժողովրդավարությունից այնքան հեռու է, որքան խոզը տուռնիկից։ Իրենք գնում են արտասահման՝ Հայաստանի իրականությունը կեղծված ձևով ներկայացնելու»,- նկատեց Խաչատրյանը։
Դիտարկմանը, որ օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույցում ասաց՝ ընդդիմությանը խնդրում են, որ իրենց հետ աշխատանքային գործուղումների գնա, սակայն որևէ մեկը չի ցանկանում, ու դա նրա համար, որ իր հետ չնկարվեն, Արթուր Խաչատրյանն արձագանքեց՝ դա պրիմիտիվիզմ է։
«Մենք իր հետ չենք գնում, ինքը չի տանում, այլ մենք պատվիրակության կազմում ենք ընդգրկվում։ Իսկ այն, թե իրենք փնտրում են ընդդիմադիր պատգամավոր, որ իրենց հետ գնա գործուղման, ևս սուտ է»,- ամփոփեց խոսքը Արթուր Խաչատրյանը։
Նարե Գնունի