ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սիրիայից, քանի կա կոմերցիոն թռիչքների հնարավորություն: Ավելի վաղ, նույն կոչն արել էր Ռուսաստանը: Նաև տեղեկություն կա, որ Ռուսաստանն ու Իրանը Դամասկոսից էվակուացնում են իրենց դիվանագիտական և ռազմական ներկայացուցիչներին: Այդ ամենը հիշեցնում է Սիրիայում թերևս մասշտաբային էսկալացիայի նախապատրաստություն: Թուրքիայի նախագահ Էրդողանը բաց տեքստով է ազդարարել և կոչ արել սիրիական ընդդիմությանը գրոհել Դամասկոսը:
Թուրքիան զինված խմբավորումների միջոցով աջակցում է այդ գրոհին: Ասադի անկումը, ըստ էության, թվում է՝ գրեթե անխուսափելի, սակայն տպավորություն է, որ բանը լոկ Ասադի անկումը չէ: Սիրիան հնարավոր է վերածվելու է որոշակի «պոլիգոնի», որտեղ կարող են ծավալվել Մերձավոր Արևելքի և Ծոցի ռեգիոնների ուժերի վերադասավորման գործողություններ՝ մարտական բաղադրիչի ինտենսիվ կիրառումով:
Համենայն դեպս, ինտենսիվ էվակուացիայի մասին տեղեկատվական հոսքերը, կարծես թե, վկայում են այդ մասին: Նշանակո՞ւմ է դա, որ Սիրիան այդ իմաստով կարող է «փոխարինել» Ուկրաինային, որտեղ թվում է, թե մեծանում է հրադադարի հավանականությունը: Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն անցնող շաբաթակեսին, այցելելով Մոսկվա, դրանից հետո հայտարարեց, որ ավելի է մոտենում և հնարավոր դառնում Ուկրաինայում հրադադարի հասնելու Թրամփի մոտեցումը: Ռոյթերզը ներկայացրել էր այդ մոտեցումները՝ հղում անելով իր աղբյուրներին, և դրանցում խոսվում է այն մասին, որ հրադադարը պետք է լինի առանց տարածքների վերադարձի, նաև առնվազն տասը տարով առկախելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության թեման:
Ռուսաստանն արդյո՞ք դրա դիմաց է համաձայնել Սիրիայում «հանձնել» Ասադի դիրքերը: Բայց, դա նշանակո՞ւմ է, որ Մոսկվան դուրս է գալիս Սիրիայից ընդհանրապես, այսինքն` հրաժարվում է նաև տարտուսում իր ռազմական ներկայությունից, թե՞ այդ հարցն այլևս թողնվում է այսպես ասած ռազմական կարողությանը: Այսինքն՝ Ուկրաինայում ստանալով ներկայիս ստատուս քվոյի երաշխիք, Ռուսաստանը Սիրիայում չի պայքարում Ասադի իշխանության համար, բայց նաև իր ազդեցության համար կամ իր «մասնաբաժնի» համար ստիպված կլինի մղել որոշակի ռազմական պայքար:
Նույն արդյո՛ք վերաբերելու է Իրանին: Բարդ է ասել: Այդ իմաստով նաև կլինի ցուցիչ, թե արդյո՞ք մինչև տարեվերջ կստորագրվի ռուս-իրանական մեծ համաձայնագիրը: Մի բան աներկբա է, որ Մերձավոր Արևելքում մեկնարկում է նոր մեծ խաղ, կանոններո՞վ, թե՞ ոչ, սա առանցքային հարցերից մեկն է