Շաբաթ Օմանում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունները վարելու են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը. այս մասին Tasnim-ին տված հարցազրույցում ասել է Արաղչին:
«Իրանն ու ԱՄՆ-ը կհանդիպեն շաբաթ Օմանում՝ բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համար: Սա և՛ հնարավորություն է, և՛ ստուգում (նկատի ունի ԱՄՆ-ի մտադրությունների-Խմբ.), գնդակը գտնվում է ամերիկյան դաշտում»,- ավելի վաղ գրել էր Արաղչին X սոցիալական ցանցում։
Երեկ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ԱՄՆ-ն և Իրանն ուղիղ բանակցություններ են վարում։
«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և դրանք արդեն սկսվել են։ Շաբաթ օրն ԱՄՆ-ի և Իրանի միջև գրեթե ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի կունենան։ Կարծում եմ՝ բոլորը համաձայն են, որ գործարքի կնքումը նախընտրելի կլիներ։ ԱՄՆ-ն ազնիվ և շահավետ գործարքներ կկնքի այլ երկրների հետ, իսկ հակառակ դեպքում նրանց հետ ոչ մի ընդհանուր բան չի ունենա։ ԱՄՆ-ն կնախընտրեր Իրանի միջուկային ծրագրերի հարցը կարգավորել բանակցությունների միջոցով, ինչը համապատասխանում է նաև Թեհրանի շահերին»,- ասել էր նա։