Այսօր Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Արամ Ազատյանի և համայնքապետարանի մյուս անդամների գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է Armlur.am-ը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթ է նախաձեռնվել և քննվում է քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի («Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը») 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 46(հանցակցություն)-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի («Կաշառք տալը») 2-րդ մասի 3-րդ կետի և 437-րդ հոդվածի («Կաշառքի միջնորդությունը») 1-ին մասի հատկանիշներով։
ՔՕ տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 13 անձանց, այդ թվում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: 13 մեղադրյալներից միայն Արաբկիրի նախկին թաղապետն է կալանքի տակ։
Ազատյանի փաստաբաններն այսօրվա դատական նիստում բարձրաձայնել են այն հանգամանքը, թե ինչու են Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանի դեմ հարուցված քրեական գործով 17 միջնորդությունները հենց մակագրվել դատավոր Սարգիս Դադոյանին։
Հատկանշական է, որ Սարգիս Դադոյանը մինչ դատավոր դառնալն ԱԱԾ քննչականում է աշխատել, այդ պատճառով էլ այս հանգամանքը փաստաբանների մոտ կասկածի տեղիք է տվել և նրանք ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Արդյունքում դատավորը լսել է կողմերին և մերժել միջնորդությունը։
Armlur.am-ը դատական նիստից հետո Ազատյանին հարց է ուղղել, թե ինչ սպասելիքների ունի դատարանից։
«Դատարանից այլևս սպասելիքներ չունեմ, անցած դատին ունեի, բայց հիմա այլևս ոչ մի սպասելիքներ չունեմ։ Ես էլ լուրջ կասկածներ ունեմ, թե ինչու են այսպես վարվում»,-ասաց նա։
Իսկ լրագրողի այն հարցին, թե ինչու են իր հետ այսպես վարվում, և որ այս գործով մեղադրյալներից միայն ինքն է կալանավորված, Ազատյանը պատասխանեց․ «Չգիտեմ, դատարանից հարցրեք»։