Խնածախ, Վաղատուր, Խոզնավար գյուղերում մարդիկ անորոշության մեջ են, իսկ իշխանության հանցավոր լռությունն առավել խնդրահարույց իրավիճակ է ստեղծում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․
«Այսօր այցելել եմ Սյունիքի մարզի Խնածախ, Վաղատուր, Խոզնավար գյուղեր: Զրուցել եմ մեծ թվով մեր հայրենակիցների հետ, ովքեր պարբերաբար ականատես են լինում ադրբեջանական կրակահերթերին:
Շարունակում եմ պնդել, որ առաջին, ադրբեջանական սադրանքներն անպատասխան թողնելը հղի է վտանգավոր հետևանքներով:
Երկրորդ, ադրբեջանական գործողություններն ունեն համակարգային բնույթ և դրանք կարող են առավել ծանր դրսևորումներ ստանալ:
Երրորդ, ադրբեջանական ահաբեկչական գործողությունները, թեև, խուճապ չեն առաջացրել սահմանամերձ գյուղերում, սակայն բավականին մտահոգություններ կան:
Չորրորդ, իշխանությունների իներտ կեցվածքն ու հանցավոր լռությունն առավել անորոշ ու խնդրահարույց իրավիճակ են ստեղծում:
Հինգերորդ, սահմանամերձ համայնքներում մարդիկ կատարյալ անորոշության մեջ են, որովհետև իշխանության ուղերձներն անհասկանալի են և անընդունելի»: