Հենց խաղաղության պայմանագիրը ստորագրենք, այն կհանրայնացվի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Ինչո՞ւ չենք հրապարակում փաստաթուղթը: Քանի որ այն ունի երկու տեր: Մեկը ՀՀ կառավարությունն է, մյուսը՝ Ադրբեջանը։ Իրականում մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը, որովհետև առաջարկում ենք, որ ստորագրենք, որովհետև հենց ստորագրեցինք, այն կհանրայնացվի: Այսինքն՝ մենք կողմ ենք ինստիտուցիոնալ հրապարակմանը՝ ստորագրվեց, հրապարակվեց, բայց մյուս կողմից ես ուզում եմ մենք խաղաղության համաձայնագիր ինստիտուտի վերաբերյալ ունենանք ճիշտ պատկերացում, նորից եմ ասում, երկու կողմ ունի և ենթադրվում է, որ երկու կողմ պետք է ստորագրեն: Ես նկատի ունեմ, որ մեր իրականության մեջ նախորդող շրջանում անընդհատ առաջնորդվել ենք հաղթանակ՝ պարտություն, դիվանագիտական հաղթանակ՝ դիվանագիտական պարտություն, հաղթանակ՝ կապիտուլյացիա: Ես ուզում եմ ասել, որ խաղաղության համաձայնագրի տեքստն այս տերմինաբանությամբ ընկալելու փորձերն իրենք սին են, որովհետև եթե հիմա և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը բանակցություններն ավարտել են համաձայնեցված տեքստով, նշանակում է՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը համարել են, որ դա իրենց ձեռնտու փաստաթուղթ է, այսինքն՝ իրենք համաձայնեցրել են խաղաղության հենասյուները և արձանագրել, որ այդ հենասյուների շուրջ խաղաղություն հաստատելուն համաձայն են»,-ասաց Փաշինյանը: