Պերուացի ձկնորսին ողջ են գտել Խաղաղ օվկիանոսում 95 օր դեգերելուց հետո, հաղորդել է CNN-ը՝ Պերուի պետական «Անդինա» լրատվական գործակալությանը հղումով:
61-ամյա Մաքսիմո Նապա Կաստրոն իր ձկնորսական նավով ծով է դուրս եկել դեկտեմբերի 7-ին Մարկոնայից՝ երկրի հարավում գտնվող ափամերձ քաղաքից, սակայն վատ եղանակի պատճառով նա շեղվել է ճանապարհից և կորցրել ուղղությունը: Նրան մարտի 11-ին հայտնաբերել է Էկվադորյան ձկնորսական նավը՝ հյուսիսային Պերուի ափերի ջրերում՝ խիստ ջրազրկված և ծայրահեղ ծանր վիճակում:
Փրկվելուց հետո Նապա Կաստրոն, արցունքներն աչքերին, պատմել է տեղական լրատվամիջոցներին, որ իրեն հաջողվել է ողջ մնալ՝ խմելով անձրևաջուր և ուտելով միջատներ, թռչուններ և կրիա: Վերջին 15 օրը նա անցկացրել է առանց սնվելու, հաղորդում է Reuters-ը։
Նապա Կաստրոն ընդգծել է, որ ողջ մնալու համար շարունակ մտածել է ընտանիքի մասին:
«Ես ասացի, որ չեմ ուզում մեռնել հանուն մորս, հանուն մի քանի ամսական թոռնուհուս։ Ամեն օր մտածում էի մորս մասին»,- պատմել է տղամարդը։
Ձկնորսի դուստրը՝ Ինես Նապա Տորեսը, շնորհակալություն է հայտնել էկվադորցի ձկնորսներին՝ հոր կյանքը փրկելու համար։