Հատկապես հիմա, ազգային արժանապատվությանը վերաբերող հարցերում շատ ավելի մեծ նրբանկատություն պետք է դրսևորենք, հյուրանոցում անպատշաճ վերաբերմունք ցուցաբերած Թուրքիայի քաղաքացին պետք է բոլորիցս ներողություն խնդրի. Ռուբեն Մելիքյան

Հիմնական անձանցից մեկը, ում նկատմամբ Թուրքիայի քաղաքացու կողմից տեղի է ունեցել խուլիգանական վարքագիծ՝ եղել է հյուրանոցում աշխատող արցախցի: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսանյութում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Երևանի «Լոնդոն» հյուրանոցում տեղի ունեցած դեպքին:

Այդ անձը ներողություն է խնդրել, սակայն արցախցու հետ քննչական գործողությունների ընթացքում հրաժարվել է ներողություն խնդրել, ինչից էլ արցախցին վիրավորվել է:

«Իրավապահները սկզբում նրան ձերբակալել են, երեք օր պահել անազատության մեջ՝ հյուրանոցի սեփականատիրոջ հաղորդման հիման վրա: Առաջին, բոլոր տուժած անձինք կարող են պահանջել, որ տվյալ անձն իրենցից ներողություն խնդրի և երկրորդ՝ մենք բոլորս իրավունք ունենք պահանջելու, որ սա ծածկադմփոց չարվի, ու այս վարույթը նախաքննության փուլում չկարճվի: Այս խուլիգանությունը մասնավոր մեղադրանքի գործ չէ, սա հանրային մեղադրանքի գործ է, որը վերաբերվում է բոլորիս, բոլորս շահառու ենք: Թող գա, դատարանում բոլորիցս ներողություն խնդրի ու ասի, որ Հայաստանում չի կարելի այսպես պահել»,- նշել է Մելիքյանը։

Մելիքյանի համոզմամբ, հասարակական կարգն այսպես խախտել չի՛ կարելի, հակառակ դեպքում ինքն այս դեպքը կհամարի ծածկադմփոց. «Հատկապես հիմա՛ , այս վիճակում, ազգային արժանապատվությանը վերաբերող հարցերում շատ ավելի մեծ նրբանկատություն պետք է դրսևորենք», -ասել է Մելիքյանը:

Ավելի վաղ Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Լոնդոն» հյուրանոցում Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել, նրան ձերբակալել են: Սակայն հետագայում, մեղադրյալին շատ արագ բաց են թողել, ինչպես նաև ի հայտ են եկել ծածկադմփոցի նշաններ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *