Եթե կանգնեք կամրջի վրա ու այդ պահին որևէ ծանր մեքենա անցնի, ցնցումներ կզգաք, ձայներ կլսեք, ասում են Ներքին Չարբախի բնակիչները, ովքեր ամեն օր վախով են քնում ու արթնանում այն մտքից, որ ամեն պահի կարող է կամուրջը փլուզվել:
Վտանգված է Сборный пункт/ Հանրապետական զորակոչային հավաքակայանից Ներքին Չարբախ, Մասիս և այլ բնակավայրեր տանող կամուրջը, այն փլուզման եզրին է, հատկապես բեռնատարների և քաղաքային տրանսպորտի երթևեկի ժամանակ ամբողջովին ցնցվում է, առկա են մեծ ճաքեր ու անտանելի են փոսերը` վնասվում են մեքենաները։ Բնակիչների խոսքով՝ անգամ զինվորներն իրենց ծառայությունը սկսելուց առաջ, հենց այս ճանապարհային միջպետական կարևոր նշանակություն ունեցող կամրջով են անցնում, որն անվտանգային կարևոր նշանակություն ունի:
«Մեքենաները շատ դժվարությամբ են երթևեկում, առաջանում են խցանումներ, որովհետև կենտրոնական փողոց չէ: Վերջին երկու-երեք տարիներին ավելի սրացել է խնդիրը»-ասում են բնակիչները՝ պնդելով, որ ամբողջ խնդիրը կապված է կամրջի հնության հետ:
«Լիքը քարեր թափելա, լիքը անգամներ զգույշ ենք եղել, որ մեզ վրա չընկնի, խորհուրդ կտանք, որ կամ սարքեն, կամ քանդեն էս կամուրջը»,- ասում է մանկահասակ երեխաներ ունեցող տեղի բնակիչ, կամրջի հարևանությամբ ապրող Ալբերտ Եղոյանը, ով վախից երեխաներին չի թողնում դուրս գան խաղալու:
Դեռևս նախորդ տարի Երևանի ավագանու անդամները ահազանգել էին խնդրի մասին. արձանագրել, որ կամրջի հիմնանորոգման կարիք կա: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն փորձագետ Սոնա Աղեկյանի խոսքով՝ կամրջի բետոններն իրարից առանձնացված են, բավականին տարածք բացված է, որոնք ամենևին ճաքեր չէին , այլ՝ մեծ ու հսկայական փոսեր էին. ահազանգից հետո քաղաքապետարանից եկան, փոսալցման թեթև կոսմետիկ աշխատանքներ արեցին՝ առանց ամրացման աշխատանքներ անելու: Հիմնանորոգման մասին՝ ոչ մի խոսք:
«2024 թվականի բյուջեի ծրագրով հատկացրել են Արարատյան փողոցի էստակադային հիմնանորոգման և վերանորոգման համար 390 մլն դրամ, իսկ 2025 թվականին՝ 295 մլն դրամ: Մարտ ամիսը կիսվել է, սակայն դեռ շինարարական աշխատանքներ չեն իրականացրել: Քաղաքացիների գլխին Դամոկլյան սրի պես կախված այս հարցը դեռևս մնում է օդում առկախված»,- նշեց Աղեկյանը: