Ուզում եմ ասել մեր գնահատականը հստակ է՝ արգելված միջոցներով, այդ թվում ֆիզիկական, հոգեբանական ճնշման գործիքներով, մեր ուենցած որոշ տեղեկություններով, այլ արգելված միջոցներով, տեղի է ունենում արգելված ներգործություն, և դա, բնականաբար, անընդունելի է մեզ համար: Այս մասին Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին:
Նազարյանը մասնավորապես հարցրեց, թե Հայաստանի դիվանագիտական կորպուսն ի՞նչ է անում Բաքվում տեղի ունեցող մեր հայրենակիցների «դատավարությանը» վերջ տալու, միջազգային հանրության ուշադրությունն այս խայտառակությանն ուղղելու համար:
«Մենք ունենք ինֆորմացիա, և այդ ինֆորմացիան արդեն ակնհայտ երևում է, որ օգտագործվում են արգելված միջոցներ և խոշտանգումներ: ՀՀ-ն, ի դեմս ԱԳՆ-ի, հանդես է եկել հստակ գնահատականներով: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը հստակ հասցեագրելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ նման իրավիճակներում, երբ խոսք է գնում գերիների, պատանդների, այլ պահվող անձանց մասին, բնականաբար, հարց է հնչում՝ ի՞նչ է անում մեր դիվանագիտությունը:
«Մեր դիվանագիտությունն անում է այն, ինչ հնարավոր է: Ուզում եմ ընդգծել, որ մեր դիվանագիտությունն առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով: Էլի բնական հարց է ծագում, թե որտե՞ղ են այդ դիվանագիտական ջանքերը, որ չեն երևում: Ես, ի պատասխան այդ հարցին, միշտ բերում եմ 2023-ի դեկտեմբերի օրինակը, երբ մեր գերեվարված 32 հայրենակիցներ վերադարձան ՀՀ և մինչև պաշտոնական հայտարարության վերջին վայրկյանը մենք երբեք որևէ մանրամասն չենք բացահայտել, որովհետև դա կզրոյացնի նախկինում գործադրված ջանքերը և դրանց արդյունավետ լինելու հավանականությունը»,- շեշտեց նա:
Ի պատասխան Նազարյանն ասաց, որ Ադրբեջանն այդ հրապարակած կադրերով հոգեբանորեն ուզում է ազդել մեր ժողովրդի վրա, բայց նաև այդ կադրերի հրապարակումով մեր դիվանագետների գործն ավելի է հեշտանում՝ միջազգային հանրությանը բացատրել, որ մարդկության դեմ հանցագործություն է տեղի ունենում:
«Յուրաքանչյուր հայ ամեն ինչ պետք է անի՝ այդ մարդկանց դուրս բերելու համար»,- ասաց պատգամավորը:
Փաշինյանն էլ նշեց, որ եթե այդ թեզը ճիշտ է, որ ուզում են մեր հանրության նկատմամբ հոգեբանական ներգործություն ունենալ, դա նշանակում է, որ իրենք իրենց խնդիրը կատարում են:
«Ես հասկանում եմ իրադրությունը նուրբ է և կարող է լինել էմոցիոնալ, բայց եթե այդ տեսանկյունից նայում ենք, դա էլ պետք է հասկանանք, որ փաստորեն իրենք այդ խնդիրը դնում են և լուծում են, մենք էլ այդ տեսնակյունից պետք է ընկալենք»,- նշեց նա: