Տանգոյի համար երկուսն են պետք, այնպես որ պետք է պայմանավորվածության գալ և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ. այս մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ պետք է նաև ստանալ եվրոպական երկրների և ԱՄՆ-ի համաձայնությունը:
«Կարծում եմ՝ բոլորը պետք է մտնեն սենյակ, այսպես ասած, և մենք պետք է գործարք կնքենք: Եվ գործարքը կարող էր շատ արագ կայանալ: Գործարք կնքելը չպետք է լինի այդքան դժվար: Դա կարելի է շատ արագ անել: Հիմա, միգուցե ինչ-որ մեկը չի ցանկանում գործարք կնքել, և եթե ինչ-որ մեկը չի ցանկանում գործարք կնքել, ես կարծում եմ, որ այդ մարդը երկար ժամանակ չի մնա: Այդ մարդուն երկար չեն լսի: Որովհետև ես հավատում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել։ Կարծում եմ, իհարկե, Ուկրաինայի ժողովուրդը ցանկանում է գործարք կնքել։ Նրանք ավելի շատ են տուժել, քան մյուսները: Մենք խոսում ենք տառապանքի մասին, նրանք տառապել են», — ասել է Թրամփը:
Հավելենք, որ երեկ ԱՄՆ փոխ նախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա վերադառնալ Օվալաձև աշխատասենյակ, քանի դեռ չի համաձայնում քննարկել խաղաղության համաձայնագրի մանրամասները. այս մասին Fox News-ին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը «ոչ մեկին չի երջանկացնի, և կողմերից յուրաքանչյուրը՝ թե՛ ռուսները, թե՛ ուկրաինացիները, պետք է հրաժարվի ինչ-որ բանից»։
Վենսը հավելել է, որ «Զելենսկին իր պոռթկումով ակնհայտ դժկամություն է դրսևորել խաղաղության գործընթացին մասնակցելու հարցում, թեև հանդիպման առաջին կես ժամում Թրամփը փորձում էր հարթել սուր անկյունները, բայց Ուկրաինայի նախագահն ամեն ինչ արել է՝ նրան բախման հրահրելու համար»։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու: ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։