Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ փետրվարի 27-ին Ստամբուլում կկայանա Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ներկայացուցիչների նոր հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ հանդիպումը նվիրված է լինելու երկու երկրների դեսպանատների աշխատանքի կարգավորմանը։
«Մեր բարձր մակարդակի դիվանագետները, փորձագետները կհանդիպեն և կքննարկեն համակարգային խնդիրները, որոնք կուտակվել են նախկին վարչակազմի անօրինական գործունեության արդյունքում՝ արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ռուսաստանի դեսպանատան գործունեությանը, ինչին մենք, բնականաբար, փոխադարձեցինք և նաև անհարմար պայմաններ ստեղծեցինք Մոսկվայում ամերիկյան դեսպանատան աշխատանքի համար»,- ասել է Լավրովը։
Նա պարզաբանել է, որ ապագա հանդիպման արդյունքներով հնարավոր կլինի խոսել այն մասին, թե ինչպես կզարգանան Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի հարաբերությունները։