«Ծանր ապրումներ եմ ունեցել Սպարապետի կերպարը կերտելիս». Խորեն Լևոնյան

Մարտի 5-ից մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որը պատմում է Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ հիմնված իրական փաստերի վրա:

Սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական ու պետական գործիչը: Ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը, որոնք միահյուսված են մեր երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին:

Ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը: Գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Նոնո Սարգսյանն է, սցենարի հեղինակները՝ Լևոն Սարգսյանն ու Արամ Կարապետյանը, ով նաև բեմադրող ռեժիսորն է, երաժշտության հեղինակը՝ Արմեն Մարտիրոսյանը, իսկ բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է: Հերոսի մոր՝ Գրետա մայրիկի կերպարը կերտել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը, իսկ հոր դերում ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն է, պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանն է:

«Կերպարը կերտելիս ծանր ցավեր եմ ապրել ու մեծ դժվարությամբ փորձել եմ դա հաղթահարել, որովհետև նման կերպարներ հազար տարին մեկ անգամ են ծնվում: Փորձել եմ հասկանալ միտքը, հոգին, էությունը, ինչ տեսակ տղամարդ էր նա, ինչպես էր մտածում:

Այդ ամենը հասկանալուց ու շատ նյութեր նայելուց հետո նորից եկանք այն համոզման, որ մենք, կարծես առաջնորդ չենք սիրում, փոձում ենք ամեն կերպ ապացուցել, որ մենք իրենցից շատ ենք հասկանում, ու կարող ենք իր տեղում լինել, ինչը կատարվեց իմ պապի հետ, նույնը երբեմն կատարվում է ինձ հետ»,- խոսելով «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմում Սպարապետի կերպարը կերտելու մասին՝ ասաց դերասան Խորեն Լևոնյանը:

Դերասանը խոսելով իր ապրումների մասին՝ Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ ինչքան ուժ, եռանդ ու առողջություն ունի ներդրել է այս ֆիլմի ստեղծման համար:

«Այս կերպարը կերտելու համար շատ երկար եմ աշխատել ու շատ նմանություններ եմ նկատել իմ ու Սպարապետի մեջ:

Մեծ ափսոսանք եմ հայտնում, որ չկան մեր հերոսների, լեգենդների ու արժանի մարդկանց մասին պատմող շատ ֆիլմեր: Շատ շնորհակալ եմ Նոնոյին, որ առիթ ունեցա այս ֆիլմում նկարահանվելու: Սա երազանքի դեր է և ոչ բոլորին է բախտ վիճակված: Ես հպարտ եմ, փորձել եմ մաքսիմալն անել: Ինչպես ամբողջ կյանքում, այս ընթացքում էլ կոնֆլիկտի մեջ եմ եղել, և այս փուլում ավելի շատ սրվեցին թե՛ մարդկանց, թե՛ դեպքերի հանդեպ: Կարծես բոլորին կասկածանքով էի նայում»,- անկեղծացավ դերասանը:

Չափազանց բարդ ու պատասխանատու էր նաև դերասանուհի Մարջան Ավետիսյանի համար, ով ֆիլմում մարմնավորում է Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա մայրիկին:

«Չափազանց դժվար էր: Հուսամ իմ հոգեկան ապրումների միջոցով, որ ունեցել եմ այս կերպարը կերտելիս, կարողացել եմ փոխանցել Գրետա մայրիկի այն մեծ սերը որ ունեցել է իր որդու, ընտանիքի և հայրենիքի հանդեպ:

Երբեք չէի մտածի, որ Խորենի մայր եմ խաղալու, մենք գրեթե նույն տարիքի ենք»,- նշեց Մարջան Ավետիսյանը:

«Ես բախտ եմ ունեցել բազմաթիվ ֆիլմերում աշխատել Խորենի հետ, այն լրջությունը, որ նա ունի իր մասնագիտության հանդեպ, շատ քիչ դերասանների մոտ եմ տեսել: Նա այն բացառիկ դերասաններից է, որի կողքին ուղղակի չես կարող ձևացնել, որ դու խաղում ես: Իր տեսակից քիչ է ու պետք է պահենք, պահպանենք»,- ասաց Մարջան Ավետիսյանը: Նա խոստովանեց, որ բավական դժվարությամբ է բաժանվել Գրետա մայրիկի կերպարից: 

«Դերասանները յուրահատուկ կապ ունեն կերպարների հետ և յուրահատուկ էմոցիաներ են ապրում կերպարը ստեղծելիս: Տիկին Գրետայից ավելի ուշ անջատվեցի, քան սպասում էի: Շատ դժվարությամբ կարողացա բաժանվել այդ դերից»,- ասաց դերասանուհին:

Ֆիլմում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը, Մխիթար Ավետիսյանը և այլ սիրված դերասաններ։

Genetic Production-ի գործունեության գլխավոր նպատակն է արվեստի լեզվով ցույց տալ հայի ինքնությունը, ստեղծարար էությունը, նրա պայքարող և հաղթող ոգին՝ մեր պատմության ականավոր գործիչների, հեղինակավոր մարդկանց օրինակով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *