Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ցանկանում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չշարունակել Ռուսաստանի հետ երկկողմ բանակցություններն ուկրաինական հակամարտության շուրջ։
Փոխարենը նրանք կառաջարկեն եվրոպական պարտավորություններ՝ ապահովելու Ուկրաինայի ապագա անվտանգությունը, հայտնում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Մակրոնը Վաշինգտոն կժամանի այսօր՝ փետրվարի 24-ին։ Սթարմերը ԱՄՆ կայցելի հինգշաբթի՝ փետրվարի 27-ին:
Հրատարակության համաձայն՝ երկու երկրների ներկայացուցիչները համաձայնել են համակարգել իրենց մոտեցումը՝ փորձելով ազդել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ նախագահի ծրագրի վրա։ Նրանք համոզված են, որ սա «կրիտիկական պահ է» համաշխարհային անվտանգության համար։ Անվտանգության կոնկրետ ինչ երաշխիքներ կարող են տրամադրվել Կիևին, չի նշվում։
The Wall Street Journal-ը գրել է, որ Էմանուել Մակրոնը և Քիր Սթարմերը Թրամփին կառաջարկեն 30,000 խաղաղապահ տեղակայել Ուկրաինայի տարածքում «ԱՄՆ-ի աջակցությամբ»։ Բայց այս պլանի իրականացումը հնարավոր է, եթե Մոսկվան ու Կիևը համաձայնության գան հրադադարի շուրջ։ Պենտագոնը բազմիցս ասել է, որ Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի։
Փետրվարի 18-ին Էր Ռիադում հանդիպել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Փետրվարի 23-ին ԱՄՆ նախագահի խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ ԱՄՆ-ն վերանայում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության և Ուկրաինային աջակցելու իր մոտեցումը։