2024թ․ հունիսի 29-ին ԶԼՄ-ների Դիտորդ մարմին է դիմել «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» (կարճ՝ «Արցախ միություն») ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը՝ ակնկալելով ԴՄ եզրակացությունը Հայաստանի հանրային հեռուստատեսության «Լուրեր» հաղորդաշարի եթերում հեռարձակված երկու ռեպորտաժներում արտացոլված բովանդակության կապակցությամբ։
MediaHub-ի հետ զրույցում Արտակ Բեգլարյանը նշեց, որ իր համար կարևոր է, որ Դիտորդ մարմինն արձագանքել է իր ղեկավարած կազմակերպության դիմումին, որով արձանագրվել են Հայաստանի հանրային հեռուստատեսության կողմից էթիկայի կանոնների խախտումները։
«Արցախ Միություն»-ը խնդրել էր ուսումնասիրել «Առաջին ալիքի» լուրերի մայիսի 24-ի եւ հունիսի 6-ի թողարկումներում հեռարձակված երկու ռեպորտաժները, որոնք պատմում էին ընդդիմադիր հավաքներին մասնակցության համար գումար բաժանելու դեպքով հարուցված քրեական վարույթների մասին։ Ըստ դիմումի՝ ռեպորտաժներում անհարկի շեշտադրվել է ենթադրյալ հանցագործների արցախյան ծագումը և կատարվել է ընդհանրացում՝ դրանով բացասական վերաբերմունք հրահրելով Արցախի ժողովրդի հանդեպ այն անձանց շրջանում, որոնք բացասաբար են վերաբերվում ընդդիմադիր շարժմանը»,-նշեց Բեգլարյանը:
Բացի դրանից, ըստ Բեգլարյանի՝ Հանրայինի ռեպորտաժում հնչող արցախյան բարբառով խոսակցությունն ուղեկցվում է ռուսական ռուբլու թղթադրամների կապոցի պատկերով, թեև խոսակցությունը ՀՀ դրամի մասին է։
«Այս հնարքով ևս, ըստ դիմումի, լրատվամիջոցը փորձել է արհեստական կապ ստեղծել «ղարաբաղցիների հանցավոր արարքի» ու Ռուսաստանի միջև՝ սրանով ևս լրացուցիչ բացասական վերաբերմունք գեներացնելով «ղարաբաղցիների» ու հավաքի հանդեպ: Մեկ այլ՝ հունիսի 6-ի «Գներն ընկնում են. միտինգին մասնակցելու համար՝ 5 հազար դրամ» վերնագրով ռեպորտաժում կրկին հեռարձակվել է արցախյան բարբառով հեռախոսազրույց, որտեղ «վննաման» (արցախյան բարբառով՝ կոշիկ) բառը ենթագրերում ներկայացվել է «վերցնել»՝ նկատի ունենալով փող վերցնելը։ Սրանով, էականորեն խեղաթյուրվել է խոսքի բովանդակությունը՝ կրկին բացասական վերաբերմունք հրահրելով արցախցիների նկատմամբ»,-ասաց նա:
Քննելով դիմումը՝ Դիտորդ մարմինը վճռել է, որ թեև Հանրայինը հեռարձակել է ՔԿ պաշտոնական հաղորդագրությունը, այդուհանդերձ, դա նրան չի ազատում լրագրողական էթիկայի նորմերին հետևելու պարտավորությունից։ Ուստի, հեռարձակելով բովանդակությունը, հեռուստատեսությունը խախտել է իր ստորագրած էթիկայի կանոնագրի մի շարք կետեր։
«Մասնավորապես, անհարկի շեշտվել է ենթադրյալ հանցագործության մասնակիցների արցախյան ծագումը՝ բացասական կարծրատիպեր տարածելով արցախյան ծագմամբ անձանց հանդեպ և ավելի խոցելի վիճակի մեջ դրել նրանց, հեռուստատեսությունը չի հեռացրել ռեպորտաժի ֆեյսբուքյան հրապարակման ներքո ատելության խոսք, բռնություն և օրենքով արգելված այլ գործողություններ քարոզող, ակնհայտ վիրավորանք պարունակող բազմաթիվ մեկնաբանությունները, խախտվել է մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը հետևելու պահանջը (հանցանքի մեջ մեղադրվող անձանց ձայնը հեռարձակվել է առանց փոփոխելու), խախտվել է նաև կանոնագրի այն կետը, որը սահմանում է, որ նյութին ուղեկցող լուսանկարները համապատասխանեն իրականությանը»։
Դիտորդ մարմինը հույս է հայտնել, որ արցախցիների կամ ցանկացած այլ խմբի հանդեպ կանխակալ վերաբերմունք արտահայտող նման սայթաքումներ հետագայում տեղ չեն գտնի Հանրային հեռուստատեսության եթերում: Հանրային Հեռուստաընկերությունը պետք է Դիտորդ մարմնի եզրակացության՝ խախտմանը վերաբերող հատվածներն առանց մեկնաբանությունների հրապարակի իր կայքում։
Հունան Թադևոսյան