«Այսօր Երևանի ավագանին ընդունել է մի որոշում, որը դուք եք պահանջել և պարտադրել մեզ։ Այստեղ որևէ տեսակի հետքայլ կամ ամոթալի բան չեմ տեսնում, որովհետև ժողովրդավարության ամենակարևոր գործոններից մեկը ժողովրդի պահանջը լսելը և հնարավորության դեպքում կատարելն է»։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով քաղաքացիներին։
«Նախորդ տարվա մարտի նիստով Երևանի ավագանին ՀՀ 835 հազար քաղաքացու տվել է արտոնություն։ Դրանք տրվել են արդարության սկզբունքով, գիտակցումով, որ կան մարդիկ, որոնց սոցիալական վիճակը թույլ չի տալիս վճարել այն գինը, որը պետք է վճարել բարվոք տրանսպորտային համակարգի համար։ Այսօր էլ Երևանի ավագանին ընդունում է որոշակի սոցիալ–տնտեսական լարվածությունը, որ կարող է ստեղծվել տրանսպորտային գների փոփոխությամբ, և առաջարկում է մեկանգամյա օգտագործման այլընտրանք»,–ասաց Ավինյանը։
Նա նշեց, որ բացի այդ, ավագանին ևս մեկ որոշում է կայացրել, որով հնարավորություն է տալիս ավելի մատչելի տարբերակով օգտագործել անսահմանափակ փաթեթները։
«Վստահ եմ, որ շատերը սկսելու են երթևեկել տեղփոխներով, չեն սպասելու իրենց մեկ ավտոբուսին, փոխարենը նստելու են առաջին եկող ավտոբուսը, ինչ–որ տեղ փոխեն այն, և ավելի շուտ հասնեն»,–նշեց Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմիսային համակարգի փաթեթները։
Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ձեռքբերված տոմսային փաթեթները հավելյալ ստանում են 30-օրյա օգտագործման ժամկետ՝ ակտիվացման պահից: