Մենք արդեն ստացել ենք ջրծաղիկի դեմ պատվաստանյութերի երկրորդ խմբաքանակը, իսկ պատվաստումը կսկսենք փետրվարին։ Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հարցին, թե ճիշտ է, որ առողջապահության նախարարությունն ուշադրությամբ ուսումնասիրում է նոյեմբերին ստացված պատվաստանյութերի առաջին խմբաքանակը, քանի որ այն փչացել է սառցե շղթան չպահպանելու պատճառով, նախարարը հորդորել է անհիմն հայտարարություններ չանել։ Նա ավելացրել է, որ արդեն անդրադարձել է այս թեմային։ Առողջապահության նախարարությունը, նրա խոսքով, մշտապես իրականացնում է Հայաստան մատակարարվող պատվաստանյութերի մանրակրկիտ ուսումնասիրություն, այդ թվում՝ սառցե շղթայի եւ այլ տեխնիկական պահանջների համապատասխանության առումով։ «Պատվաստանյութի վերաբերյալ նման չհիմնավորված պնդումները վնասում են մեր իմունիզացիայի ծրագրին»,- ասել է նա:
Նրա գնահատմամբ՝ վերջին տարիներին Հայաստանում ջրծաղիկի վտանգավոր բռնկումներ չեն գրանցվել։
«Միաժամանակ, ամեն տարի հիվանդության դեպքեր են լինում։ Մեր քաղաքականությունն է կանխել հիվանդության տարածումը պատվաստումների միջոցով։ Այս տարի մենք սկսելու ենք ջրծաղիկի դեմ պատվաստումը, եւ սա շատ կարեւոր ձեռքբերում է»,- նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Հայաստան մատակարարված ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ստուգման ընթացքում հայտնաբերվել են սառցե շղթայի խախտումներ։