Վրաստանը հավատարիմ է տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը։ Այս մասին հունվարի 30-ին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։
Նախարարի խոսքով՝ Վրաստանի անկեղծ ցանկությունն ու պատրաստակամությունն է անել հնարավոր ամեն ինչ այս նպատակին հասնելու համար, որպեսզի վստահ լինի, որ տարածաշրջանը խաղաղ է, կայուն եւ բարգավաճ:
Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված հաշտության պայմանագիրը ընդունելի կլինի երկու կողմերի համար եւ թույլ կտա հասնել խաղաղության եւ կայունության։ Վրաստանն իր հերթին պատրաստ է այդ ուղղությամբ համագործակցել հարեւանների հետ։
Միաժամանակ, նախարարը հայտնել է, որ «երբ խոսում ենք տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների մասին, պետք է նշել այն մարտահրավերները, որոնք բխում են Ռուսաստանից, որն օկուպացրել է Վրաստանի շրջանները»։
Հայաստանն ու Վրաստանն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, ընդգծել է նախարարը։ Նա ողջունել է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ Երեւանի հարաբերությունների խորացումը՝ նշելով, որ դա օգուտ կբերի տարածաշրջանին, եւ Վրաստանն ուրախ է տեսնել հարեւանների հաջող հարաբերությունները մյուս գործընկերների հետ։