Փա՛ռք ու շնորհակալություն նրանց, ովքեր այսօր էլ ամուր կանգնած են սահմանին. Սասուն Միքայելյան

Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ

Պարոնայք սպաներ եւ գեներալներ,

Սիրելի՛ զինվորներ, երկրապահ կամավորականներ, ազատամարտիկներ, կամավորական եւ զինվորական կանայք,

Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի տոնի առթիվ։

Այսօր նշում ենք մեր բանակի կազմավորման տարեդարձը՝ մեր նորագույն պատմության ամենակարեւոր օրը։

Հայոց բանակը կազմավորվել է մեր ազգի պատմության ամենակարեւոր եւ դժվարին փուլում՝ ու դրա հիմքում ընկած են մեր ժողովորդի համազգային ոգին, միասնությունը, արժեհամակարգը, սերունդների անձնվեր պայքարը անկախության համար։ Երկրում այդ ժամանակաշրջանում տիրող իրավիճակի պայմաններում բանակի հիմքեր դնելը բավական դժվար, պատասխանատու գործ էր։ Միաժամանակ պատերազմ ու բանակաշինություն: Բայց մենք կարողացանք համախմբվել, մեր միասնությունը ցույց տվեց իր հզոր ուժը։

Սպարապետ Վազգեն Սարգսյանը կրկնում էր, որ բանակն է Հայաստանի Հանրապետության կայունության եւ պաշտպանության հիմքը․ «Ես համարում եմ, որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն, առանց բանակ չի կարող զարգանալ տնտեսությունը եւ հակառակը»:

Հայոց բանակի, մեր պետության ուժը նաեւ մեր հավատքի, հավատի, միասնություն մեջ է: Մենք մեծ հավատով ու վստահությամբ առաջ էինք շարժվում։

Փա՛ռք ու պատիվ բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի նահատակված հայորդիներին, մեր մարտական ըներներին:

Այսօր մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանության համար, այլեւ իրենց օրինակով էլ ավելի ամրապնդում ենք մեր հավատը այն բանի, որ համազգային միասնությամբ անհնարինը դառնում է հնարավոր։

Մենք՝ երկրապահներս, ամեն օր կատարում ենք մեր սրբազան առաքելությունը՝ անմնացորդ նվիրվածությամբ ծառայելով մեր հայրենիքին. Երկրապահն այսօր էլ սահմաններում է՝ ամուր կանգնած մեր բանակի, զինվորի կողքին:

Առանձնահատուկ շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում երկրապահ կամավորականների միությանը, ազատամարտիկներին, կամավորականներին, ԵԿՄ գումարտակների անձնակազմներին, ովքեր տարվա ցանկացած եղանակի, օրվա յուրաքանչյուր ժամի կանգնած են պետական սահմանի գրեթե ողջ երկայնքով՝ մեր զինվորների կողքին։ 2020թ. դեկտեմբերից մինչ այս պահը երկրապահ կամավորականների միության գումարտակները զինվորի հետ, զինվորի կողքին իրականացնում են մարտական հերթապահություն: ԵԿՄ գումարտակները մարտական հերթապահության ժամանակ իրականացնում են նաեւ ամրաշինական աշխատանքներ: Մենք սահմաններում ենք. մեր պարտքն է այսօր թեւ ու թիկունք լինել այն բանակին, որը մեզանից սերվեց:

Ես խոնարհվում եմ անմահացած հայորդիների ծնողների առջեւ,

Հավերժ փա՛ռք ու հիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանին,

Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, Երկրապահին, կամավորականներին, ազատամարտիկներին, զենքը ձեռքը վերցրած հայ կնոջը,

Փա՛ռք ու շնորհակալություն նրանց, ովքեր այսօր էլ ամուր կանգնած են սահմանին,

Փա՛ռք մեր պետությանը, պետականությանը,

Վստահ եմ, որ մեր բանակը կշարունակի լինել անկոտրում, արժանապատիվ ու մեր երկրի անվտանգության պահպանման երաշխավորը։

Աստված պահապան մեր հայրենիքին, մեր ազգին։

«Երկրապահ» կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *