Առողջապահությունը համարվում է առաջնահերթություն, բայց հարցն այն է, թե արդյո՞ք դա իրականում այդպես է։ Այժմ բժշկության մեջ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ ֆինանսավորում, աշխատավարձ, մարդկային ռեսուրսներ, ապահովագրություն, էլեկտրոնային համակարգի ներդրում և այլն: Չնայած այս ամենին, առողջապահության ոչ բժիշկ նախարարը հերթական անգամ բժիշկներին դարձրել է փորձադաշտ (Անահիտ Ավանեսյանը, հիշեցնենք, մասնագիտությամբ իրավաբան է – խմբ.)։
Կհիշեք երևի, թե ինչպես 2023 թվականի վերջին ամիսներին ինֆորմացիայի տեղատարափ ու աժիոտաժ էր առ այն, որ բժիշկները պետք է գրանցվեն ARMED տխրահռչակ համակարգում, որպեսզի չենթարկվեն մեծ տույժ ու տուգանքների։ Մինչև 2024-ի հունվար-փետրվար բժիշկները բանուգործը թողած փորձեր էին կատարում գրանցվելու համար այդ համակարգում, բայց ապարդյուն։ Բժիշկները զանգահարում էին ARMED կոչվածի թեժ գծին՝ 011 կոդով, ինչն, ի դեպ, նաև ծախսատար է, բայց նույնիսկ աշխատակիցները չէին կարողանում լրացնել անհրաժեշտ դաշտերը, քանի որ դաշտերը ակտիվ չէին։ Իրավիճակը մինչ օրս նույնն է․․․
Հաջորդիվ տեղի ունեցավ էլեկտրոնային դեղատոմսերի եռուզեռը, որը նույնպես տարատեսակ խոտաններ է պարունակում, և մինչ օրս լիարժեք չի աշխատում՝ տարատեսակ բարդություններ ստեղծելով բժիշկների համար։ Այս շարքը անվերջ է։ Փաստն այն է, որ ոչ բժիշկ նախարարը, կարծես, պատճառ է փնտրում բուժաշխատողների առանց այդ էլ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես ծանր առօրյան անտանելի ու հյուծող դարձնելու համար, որպեսզի հող նախապատրաստի հաջորդ, տարատեսակ մտորումների առիթ ստեղծող, հերթական մի «զարմանահրաշ» օրինագծի հաստատման համար։
Օրերս, օրինակ, հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ՝ «Բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը սահմանելու մասին», որի ընդունման արդյունքում կսահմանվեն այն արատները կամ հիվանդությունները, որոնց առկայության դեպքում բուժաշխատողները չեն կարող զբաղվել մասնագիտական գործունեությամբ։
Հետևաբար, այս նախագծով նախատեսված արատների կամ հիվանդությունների առկայությունը բուժաշխատողների անհատական լիցենզիայի տրամադրման մերժման կամ դադարեցման հիմք կհանդիսանա։
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել բժշկական մասնագիտական գործունեությունը՝ հետևյալ ֆիզիկական արատների կամ հիվանդությունների առկայության դեպքում․
- Երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն (H54.0) (բացառությամբ բժշկական խորհրդատվության մատուցման դեպքերի),
- Օրգանական, ներառյալ սիմպտոմատիկ, հոգեկան խանգարումներ (F00 – F09),
- Հոգեկան և վարքի խանգարումներ` կապված հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ (F10- F19).
- Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20 – F29).
- Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30 – F39).
- Սովորույթի և հակումների խանգարումներ (F63),
- Մտավոր հետամնացություն (F70 – F79),
- Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն (A15):
Նշվում է, որ այս որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի օգոստոսի 1-ից։
Թվում է՝ ի՞նչ խնդիր ենք տեսնում այս ամենում, ինչո՞ւ է այս նախագիծը գրավել մեր ուշադրությունը: Բայց կան «բայցեր», որոնք բարձրաձայնում են համակարգի պրոֆեսիոնալները:
Նախ, մեզ ասացին, որ նախագիծը մշակվել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից։ Սա այն կառույցն է, որում ներկայումս աշխատում են հատուկենտ գիտական կոչումով անձինք, բայց , փաստորեն, իրավասու են մի ամբողջ առողջապահական համակարգի բարձր որակավորման մասնագետներին փորձադաշտ դարձնել։ MediaHub-ին ասացին, որ ինստիտուտի աշխատակիցները շատ դժգոհ են ԱԱԻ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանից, նշեցին, որ վերջինս «ամեն երկրորդ բառից հետո բղավում է, հոգեբանական ճնշման ենթարկում մարդկանց»: Իսկ ո՞վ է նա:
Բազարչյանի կարիերան ծաղկունք է ապրել ՀՀԿ իշխանության օրոք, մինչ օրս էլ հիշեցնում են, որ նա եղել է, նախ, ԱԱԻ նախկին տնօրեն Դումանյանի պրոտեժեն, հետո նախարար դարձած Արմեն Մուրադյանի, որի շնորհիվ էլ նշանակվել է հիշյալ կառույցի տնօրեն: Ապա գործող իշխանությունների օրոք ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանի հետ մտերմության արդյունքում դարձել է նախարար Արսեն Թորոսյանի, հիմա էլ՝ Անահիտ Ավանեսյանի ամենամտերիմներից և ամենահավատարիմներից մեկը։
Մեզ ասացին, որ թե՛ Բազարչյանը, թե՛ Թորոսյանը, թե՛, առավելևս, Ավանեսյանն ու Նանուշյանը գեթ մեկ օր չեն աշխատել բժիշկ, հետևապես ներսից ծանոթ չեն ոչ բժշկի առօրյային, ոչ էլ բուժհիմնարկի։ Առողջապահության նախարարը պետք է բժիշկ լինի։ Այո, առողջապահությունում կարեւոր են և՛ տնտեսական, և՛ իրավական բաղադրիչները, բայց դրանց ռազմավարությունների մշակման համար անհրաժեշտ են համապատասխան խորհրդականներ և տեղակալներ՝ փորձառու, այլ ոչ թե ընդամենը Փաշինյանի հետ քայլած ՔՊ-ականներից ձևավորված խումբ, որն ամենազգայուն ոլորտը դարձրել է թալանի աղբյուր ու փորձադաշտ-խաղալիք։
Նախարարին հիշեցնենք, որ բժիշկները ազգաբնակչության այն միակ խավն է, որ չունի առողջապահության ապահովագրություն և վիրահատության կամ այլ միջամտությունների անհրաժեշտության դեպքում վճարում է ըստ տվյալ բուժհիմնարկի գնացուցակի։
Նախարարին հիշեցնենք նաև իրենց սիրելի արտերկրների կողմից մշակված Դաշնագիրը (Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը), որում ամրագրված է․ «Առողջապահական ծառայությունների մատչելիությունը առողջության իրավունքի կարևոր տարրերից է, ու պետությունների ընդհանուր պարտականությունն է ապահովել տնտեսական, սոցիալական և մշակութային բոլոր իրավունքների նկատմամբ հավասար մատչելիություն»:
Փաստորեն, Հայաստանի բժիշկների իրավունքները այս մասով էլ են խախտված։
Սակայն վերադառնանք օրերս հանրության քննարկմանը ներկայացված օրինագծին, դարձյալ հղում անելով միջազգային փաստաթղթի՝ Օրհուսի կոնվենցիայի 6-րդ հոդվածի (հասարակության մասնակցությունը կոնկրետ հարցերի կապակցությամբ որոշումներ ընդունելուն) 3-րդ մասին, որն ասում է. «Հասարակության մասնակցության ընթացակարգերի տարբեր փուլերի համար պետք է նախատեսվեն ողջամիտ ժամկետներ, որոնք նույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան կապահովեն բավարար ժամանակ հասարակության իրազեկման, նախապատրաստման և շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար»։
Համաձայն սույնի, նախևառաջ պետք էր ապահովել բժիշկների պատշաճ մասնակցությունը օրինագծի քննարկմանը, ոչ թե ողջ սպիտակ բանակին թողնել ինչ-որ հիմնարկի աշխատակիցների կողմից մշակված թղթի քմահաճույքին։
Իսկ ինչո՞ւ են MediaHub-ին դիմած մի խումբ բուժաշխատողներ քննադատում այդ նախագիծը:
Նախ, նշում են, որ դա շատ լավ պարարտ հող կհանդիսանա թե՛ գործատուների, թե՛ պատվիրված «հաճախորդների» կողմից անհարմար բժիշկներից ազատվելու համար, օրինակ՝ քաղաքական շարժառիթներից ելնելով։ Եվ մենք, թերևս, սա չենք կարող առարկել:
Կասկածելի է նաև, թե այդ ո՞ր հոգեբուժական ծառայությունը և ի՞նչ դիվիդենտների դիմաց է բժիշկներին «հոգեկան», «շիզոֆրենիկ» կարգելու և ստանձնելու դրա պատասխանատվությունը։
Ընդհանուր առմամբ, նախագծի վերաբերյալ հարցերն ու մտահոգությունները միայն այսքանով չեն ավարտվում…
Մեզ դիմած բուժաշխատողները խնդրեցին իրենց անունից ոչ բժիշկ տիկին նախարարին փոխանցել, որ Հայաստանի բժիշկները օր օրի դառնում են ամենախոցելի դասը, որոնց իրավունքները խախտված են համատարած, բայց նրանց նկատմամբ պահանջարկները օր օրի ավելանում են ու անվերջ են։ Այնպես որ, ճիշտ է այն պնդումը, որ Ավանեսյանին ներկայացվում է՝ առողջապահության նախարարը պետք է բժիշկ լինի, գոնե հինգ տարի մասնագիտական գործունեության փորձ ունենա, որպեսզի պատկերացում ունենա սպիտակ բանակի բոլոր նրբություններին ու համակարգից ներսից։