Ադրբեջանը պետք է համաձայնի, որ դելիմիտացիայի գործընթացը պիտի տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ Վահան Կոստանյան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքն ընթացքի մեջ է, կողմերը պայմանավորվել են զերծ մնալ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների մասին հավելյալ մեկնաբանություններից, մինչև չլինեն փոխադարձ պայմանավորվածություններ գործընթացի վերաբերյալ։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը ունեն պաշտոնական պայմանավորվածություն, որ սահմանազատման գործընթացը սկսում են Տավուշի մարզից։

«Մենք շարունակում ենք լինել գործընթացում։ Մենք հանրայնացրել ենք մեր դիրքորոշումները։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Դրանց մասին կլինեն համապատասխան հայտարարություններ, երբ կլինեն վերջնական պայմանավորվածություններ»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք Տավուշի մարզին սահմանակից ոչ անկլավային տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու ժամկետներ կան սահմանված, փոխնախարարը պատասխանեց, որ սահմանված ժամկետներ չկան»:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է դանդաղում սահմանազատման գործընթացը՝ փոխնախարարը հակիրճ պատասխանեց. «Հայաստանը հայտարարում է, որ պատրաստակամ է դելիմիտացիայի գործընթացն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի, համապատասխան քարտեզների հիման վրա ու վերականգնել 1991 թվականի սահմանները։ Համաձայնության հանգելու պարագայում դրա մասին կլինի համապատասխան հանրային կոմունիկացիա»։

Ըստ փոխնախարարի՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նաև խաղաղության օրակարգին։ «Մենք շարունակում ենք ներգրավված մնալ գործընթացում, շարունակում ենք հետաքրքրված լինել գործընթացով։ Այն կանգնած չէ։ Ըստ էության, հնարավոր է ավարտել այս գործընթացը, եթե ադրբեջանական կողմն ի վերջո համաձայնի թղթի վրա արձանագրել այն երեք պայմանավորվածությունները, որոնք երկրների ղեկավարների մակարդակով ձեռք են բերվել Բրյուսելում՝ նախորդ տարվա մայիսին և հուլիսին։ Ադրբեջանական կողմը պետք է համաձայնի, որ դելիմիտացիայի գործընթացը պիտի տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դա արձանագրենք թղթի վրա։ Չենք տեսնում որևէ խոչընդոտ առաջ շարժվելու այդ երեք սկզբունքների հիման վրա։ Այն փաստը, որ դեռևս չի հաջողվել և պաշտոնական Բաքուն չի տվել իր համաձայնությունը արձանագրել այս երեք սկզբունքները, տարակուսանք է առաջացնում։ Պարզ չէ՝ արդյոք նրանք շահագրգռված ե՞ն Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու հարցում»,- ասաց Վահան Կոստանյանը։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles