Հայաստանի դեմ վարվող պատերազմի թաքնված նպատակը

Այսօր տեղի ունեցող աղետալի գործընթացներին տրվող ամենատարածված, ամենամոդայիկ ու ամենահեշտ բացատրությունը հասարակությանն ազգային, արժեքային, բարոյական անկման մեջ մեղադրելն է։

Այդ գնահատականներում, իհարկե, կա ճշմարտության մեծ չափաբաժին, անգամ այն դեպքերում, երբ դրանցով հանդես եկողներն ամենաշատն են նպաստել հանրային բարոյականության անկմանը։ Բայց ճշմարիտ է նաև այն, որ եթե կա արժեքային, ազգային, արժանապատվության անկում, ապա դրանից առաջ եղել է նաև հարաբերական բարձրակետ, նշաձող, որի համեմատ արձանագրվել է այսօրվա անկումը։ Այսինքն՝ հասարակությունը միշտ չէ, որ եղել է այսքան անտարբեր, այսպես մեկուսի ու այսչափ անարժեք։ Իսկ դա նշանակում է, որ ներկայիս անկումներին կարող է/պետք է հաջորդի վերելքը, որովհետև հանրույթները, ինչպես և պետությունները, ապրում են ցիկլերով, գահավիժող ու հառնող պարբերաշրջաններով։

Բայց վերելքը, ինչպես և անկումը, չի կարող լինել ինքնաբերաբար, ապրիորի։ Համընդհանուր անկումները պատահում են հիմնականում այն դեպքերում, երբ հասարակության թերմացքը հայտնվում է սոցիալական աստիճանակարգի ամենավերևում և ոչ թե ինքն է փորձում վերափոխվել՝ համապատասխանելով տիրապետող բարձր արժեքներին, այլ հակառակը՝ հանրությանն է քաշում դեպի իր ճահիճը՝ վերջին հաշվով գարշահոտը տարածելով նաև պետության վրա։

Հետևաբար՝ անկումը կասեցնելու ու անկման ուղղությունը հակառակը դարձնելու ճանապարհը պետության ազատագրումն է թերմացքից, ինչի համար անհրաժեշտ, իհարկե, ոչ բավարար պայման է, որպեսզի քաղաքական ու սոցիալական վերնաշենքում պետության անկումները սեփական բարեկեցությանը վերածողներին փոխարինելու գան սեփական բարեկեցությունը հանրային ու պետական վերելքին ծառայեցնելու կամք ունեցողները։ Հանրությունները չեն լինում հավաքականորեն անարժեք կամ հավաքականորեն բարոյական։ Համընդհանուր արժանապատվությունը կամ համապետական աննամուսությունը պայմանավորված է որոշումներ կայացնողներով ու նրանց թելադրած կանոններով ձևավորված տիրապետող մթնոլորտով։ Հետևաբար՝ այսօրվա անկումները լայն իմաստով՝ ոչ թե համահասարակական դեգրադացիայի դրսևորումներ են, ինչպես ներկայացնում են բոլորը, այլ վերնախավում հայտնված առանձին անձերի, անձանց խմբերի այլասերման հետևանք, որոնց կայացրած որոշումները պրոյեկցվում են հասարակության ու պետության վրա։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles