Ով է գցում ռեգիոնալ պատերազմի ճանապարհը

«Հայաքվե» նախաձեռնության առնչությամբ հնչում է «հակափաստարկ», որ նախաձեռնության բովանդակությունը ճանապարհ է դեպի նոր պատերազմ: Սա բավականին վտանգավոր հակափաստարկ է և խնդիրը ամենևին «Հայաքվե»-ի հանդեպ վերաբերմունքը կամ գնահատականը չէ: Մեկը համաձայն է այդ նախաձեռնությանը, մյուսը այն համարում է անպտուղ, երրորդը՝ դրա բովանդակության հետ կապված բարձրացնում է կարևոր հարցադրումներ, այդ ամենը բնականաբար քննարկումների դաշտ է, որոնք պետք է լինեն: Մի կողմ թողնենք նաև այն հնարավոր քաղաքական կամ ներքաղաքական մոտիվները, որ կարող են շոշափվել այդ նախաձեռնության ներքո, թեև դրա հեղինակները հերքում են քաղաքական որևէ «ականջի» առկայությունը:

Այդ ամենը առանձին քննարկման հարցեր են, որոնք յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն են՝ գնահատականի, մեկնաբանության, վերաբերմունքի մասով: Բայց, «պատերազմի ճանապարհի» հակափաստարկը վտանգավոր է լայն իմաստով: Վտանգավոր է, որովհետև այն զգալիորեն իռացիոնալ է, ռեգիոնալ և աշխարհաքաղաքական գետնից կտրված, բայց փոխարենը ստեղծում է միջավայր, մթնոլորտ, երբ թեժ ու վտանգավոր համաշխարհային իրավիճակի, դրանից բխող ռեգիոնալ մեծ ռիսկերի պայմաններում Հայաստանի կամ Արցախի դեմ որևէ պոտենցիալ ագրեսիայի «պատասխանատվությունը» թողնում է Հայաստանի վրա:

Այդ առումով, ընդհանրապես, առաջարկում եմ Հայաստանում քիչ խոսել «պատերազմի ճանապարհի» մասին, ըստ այդմ որևէ եղած պատերազմի հավանականություն, կամ պատերազմի ռիսկ՝ քիչ բարդել Հայաստանի վրա, անկախ՝ բարդվում է իշխանության, թե՞ ընդդիմության կամ որևէ այլ քաղաքացիական խմբի վրա: Նվազագույնն այն պարզ պատճառով, որ ռեգիոնում պատերազմի հարցը Հայաստանի դիրքորոշումով չէ, որ վճռվում է: Պատերազմի հարցը, եթե խոսքը մեծ պատերազմի, այլ ոչ թե որևէ լոկալ ռազմական գործողության մասին է, վճռում է աշխարհաքաղաքական դերակատարների մոտիվը և նրանց միջև ուժերի բալանսը: Կովկասում որևէ ստատուս-քվոյի վերաբերյալ որևէ քաղաքական որոշում և դիրքորոշում էապես առնչվելու է այդ բալանսին և մոտիվներին: Այյդ առնչության աստիճանից էլ կախված է ռեգիոնի պատերազմի, թե խաղաղության հարցը: Այդ համատեքստում էլ, բանակցության լինել-չլինելը դեռ պատերազմի լինել-չլինելու պատասխան կամ բանալի չէ: Ինտենսիվ բանակցությունն ինքը կարող է լինել պատերազմի ռիսկն ավելի մեծացնող, քան նվազեցնող գործոն, եթե օրինակ դրա ընթացքում չի ստացվում գալ սկզբունքային այնպիսի համաձայնությունների, որոնք վայելեն շատ թե քիչ աշխարհաքաղաքական կոնսենսուս:

Հետևաբար, Հայաստանում բանավեճը, քննարկումները պետք է լինեն որևէ մոտեցման դիվանագիտական արդյունավետության, կենսունակության, հեռանկարայնության, հնարավոր գործընկեր ու դաշնակից ապահովելու ներուժի առումով, այլ ոչ թե «պատերազմի ճանապարհի» շուրջ: Ռեգիոնալ պատերազմի «ճանապարհը» կառուցողը մենք չենք: Ու Ադրբեջանն էլ չէ: Այդ «ճանապարհը» ցավոք սրտի կառուցվում է բարդ աշխարհաքաղաքական իրադրության, միջազգային անվտանգության համակարգի համատարած փլուզման հետևանքով, և մեր գլխավոր անելիքը այստեղ պաշտպանական համալիր ներուժի առավելագույն կուտակումն է՝ հոգեբանություն-մտածողություն-դիվանագիտություն-տնտեսություն-բանակ «հնգանկյունով»:

Հասկանալի է, որ խոսքը ծայրահեղ արկածախնդիր քաղաքականության մասին չէ, որը որևէ կերպչի տեղավորվում պահի և ողջախոհության տրամաբանության մեջ: Բայց, Հայաստանը գործնականում երբեք էլ չի վարել այդպիսի քաղաքականություն, որքան էլ լինեն ներքաղաքական և խմբային ու անձնային մոտեցումներով պայմանավորված տարբեր գնահատականներ: Պարզապես, մենք պետք է ձեռք բերենք բարդ խնդիրները համակողմանի և խորը դիտարկելու ինստիտուցիոնալ հանրային կարողություն, մակերևութային պարզունակությունների «ցանցում» չհայտնվելու, այլ միջազգային խորքային պրոցեսներում սուբյեկտության ներուժը ավելացնելու և հենց այդ կերպ նաև պատերազմի ռիսկերը կառավարելու մեր ունակությունը բարձրացնելու համար:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles