Դեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հյատնում են ՀՀ ՊՆ-ից։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024 թվականին կատարված աշխատանքները և 2025 թվականի անելիքները։ Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը թե ծավալային, թե բովանդակային առումով զգալի առաջընթաց է գրանցել և ընդգրկել այնպիսի կարևոր ուղղություններ, որոնք առավել երկարաժամկետ, համակարգային աշխատանք են պահանջում։
Քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում նոր մոտեցումների և չափորոշիչների ներդրման հարցերը։ Լևոն Այվազյանն իր գործընկերներին ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը և կարևորել Հունաստանի ու Կիպրոսի գործընկերների ներդրումը հատկապես ՀՀ զինված ուժերի տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմական կրթության, վարժանքների և զորավարժությունների, փորձի փոխանակման, խորհրդատվական աջակցության ու այլ ուղղություններով։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային ռազմաքաղաքական վերջին զարգացումներին։ Կողմերը կարևորել են պաշտպանական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը։ Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստան-Հունաստան երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագրերը, որոնք ընդգրկում են մի քանի տասնյակ միջոցառումներ զինված ուժերի կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում։