«Ամենաահավորն այն է, որ Փաշինյանն ինչից խոսում է, հակառակն է անում. ասաց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», կորցրեցինք, հանձնեց: Հիմա ինքն անդադար ինքնիշխանությունից է խոսում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Վերջինս խորապես համոզված է, որ Փաշինյանն Ինքնիշխանություն» ասելով՝ հասկանում է իր իշխանությունը պահելը:
«Ինքնիշխանությունը չի դրսևորվում դոշ ծեծելով: Ինքնիշխանությունը դրսևորվում է, երբ որ բանակցային սեղանի առաջ, Ալիևի դիմաց նստած, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է ասել՝ «կողմնորոշվե՛ք, կա՛մ բանակցում ենք, կա՛մ կրակում. Մենք երկուսին էլ պատրաստ ենք: Ինքնիշխանությունը դրսևորվում է, երբ Արարատի ստորոտին կազմակերպված մեդիաֆորումի ժամանակ «Ինչպե՞ս եք վերաբերվում ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին» հարցին, բացի ստանդարտ, տրամաբանական պատասխաններից, Սերժ Սարգսյանը հավելում է՝ իհարկե, ցանկացած երկիր ինքն է որոշում, թե ում վաճառի սպառազինություն, բայց ՀՀ սահմանին կանգնած իր հայրենիքը պաշտպանող զինվորը գիտի, որ իր վրա կրակում են Ռուսաստանում արտադրված զենքով»: Ինձ մի փաշինյանական ցույց կտա՞ք, ով ունակ է դրա 1/10-ն արտաբերելու»,-ասաց Հայկ Մամիջանյանը:
Շարունակելով թեման՝ պատգամավորը հավելեց՝ ինքնիշխանությունն այն է, երբ դու ես որոշում, օրինակ, միանա՞ս Հռոմի ստատուտին, թե՞ չէ:
«ՔՊ-ականների պատճառաբանությունն էր, թե Հռոմի ստատուտն ինքնիշխանության մասին է, որ հես ա, Հռոմի ստատուտը կվավերացնեն, միջազգային հայցեր կգնան Ադրբեջանի դեմ: Արդյունքում՝ ուր որ է՝ եղած հայցերից կհրաժարվեն»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Նա նաև հիշեցրեց ադրբեջանցի պատգամավորներից մեկի հետ կայացած իր հանդիպման մի դրվագ:
«Վիեննայում մի հանդիպման ժամանակ, որի ընթացքում, դժվար չէ պատկերացնել՝ ես ինչեր եմ ասել, Ադրբեջանի ներկայացուցիչն ինձ ասաց՝ Դուք Ձեզ այնպես եք պահում, ասես հաղթող պետության ներկայացուցիչ եք, այնինչ Դուք պարտված պետության ներկայացուցիչ եք: Գոհ եղեք՝ վերջնական կապիտուլյացիայի թուղթ ձեզ դեմ չենք տալիս: Այսինքն՝ իրենք ընդունում են, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, կապիտուլյացիա է, բայց վերջնական չէ, ու ասում է՝ խելոք մնացեք, ինչ դեմ տանք, կստորագրեք: Պարզ է՝ ես իրեն ինչ պատասխան եմ տվել: Դա հարցի յոթհազարերորդ կողմն է, բայց ես նույնիսկ ՔՊ-ականներին չեմ մաղթում երբևէ Ադրբեջանի ներկայացուցչից լսել այդպիսի բառեր, չնայած իրենց մեկ է, բայց ինձ մեկ չէ: Ու ես վստահ եմ՝ ինձ նման մարդիկ Հայաստանում ճնշող մեծամասնություն են կազմում»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը: