Ընդդիմության այս նախագիծը ոչ թե պարզապես պոպուլիզմ է, այլ շուստրի պոպուլիզմ է: Այս մասին ԱԺ-ում «Պետական կենսաթոշակի մասին օրենքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Ի՞նչ է ասում ընդդիմությունը։ Ասում է՝ հա, համաձայն ենք, որ կառավարության ծրագրով նախատեսում եք դա անել, բայց եկեք մի հատ էլ մեր բերած օրենքով ամրագրենք, որ դա պիտի տեղի ունենա:
Երբ կառավարությունն իր ծրագրի համաձայն, այս նշաձողին հասնի, մեր ընդդիմությունը կգա, կասի՝ այ տեսեք, մենք այդ օրենքը որ չբերեինք, այս ապիկար իշխանությունը ոչ մի պարագայում չէր հասնի իր իսկ խոստման կատարմանը: Եթե հանկարծ չկատարվի, կասեն՝ դե մենք ինչ-որ բան էինք ուզում անել, ժողովուրդ ջան, սիրելի թոշակառուներ, մենք ուզում էինք ձեր թոշակը բարձրացնենք, բայց այս ապիկար իշխանությունը հրաժարվեց օրենքն ընդունել և ձեր թոշակները բարձրացնել։ Այսինքն, դուք բերել եք մի նախագիծ, որ ցանկացած ելքի պարագայում դուք պիտի ինչ-որ մի բանով արդարանաք, դրա համար դա շուստրի պոպուլիզմ է, ոչ թե պարզապես պոպուլիզմ, որովհետև որակյալ պոպուլիզմը դժվար բան է իրականում, որը ձեզ հասու չէ»,- ասաց նա։
Նա ընդդիմությանն ասաց, որ նրանք ապօրինի գույքի բռնագաձման օրենքի գլխավոր շահառուներն են: «Այսօր դատախազությունն այնքան ապօրինի գույք է ուզում, մեջը մի հատ ջորի չկա, բառի և բուն իմաստով, և մեքենաշինական իմաստով: Հիմա ջորի չկա ձեր ապօրինի գույքերի մեջ, միլիարդների ապօրինի գույք է ուզում: Պարո՛ն Խաչատրյան, դուք ու ձեր շեֆերը ջորիով եք գնացե՞լ բանակցել, կամ այդ ի՞նչ բան է, դա էլ է շուստրի պոպուլիզմ, ասում է՝ փոխվարչապետերի ծառայողական մեքենայով կարելի է թոշակներ բարձրացնել»,- ասաց նա:
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Պետական կենսաթոշակի մասին օրենքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագիծը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը:
Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ առաջարկվում է, որ 2026-ի հունվարի մեկից նվազագույն կեսնաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից:
Հարակից զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ հայտարարեց, որ իրենց համար կարևոր նպատակ է, որ նվազագույն կենսաթոշակը և միջին աշխատանքային կենսաթոշակը համապատասխանաբար հավասարեցնել պարենային զամբյուղին և սպառողական զամբյուղին. ավելին, հավասարեցնել պարենային և սպառողական զամբյուղի արժեքը: Նա ասաց, որ 22 տոկոսով իրենց իշխանությունը բարձրացրել է կենսաթոշակների չափը:
Հանձնաժողովը բացասական եզրակացութուն է տվել նախագծին: Տիգրանյանը կոչ արեց ՔՊ-ականներին դեմ քվեարկել նախագծին: